Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2011 11:56
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.5 տոկոսային կետով և սահմանվեց 7.75 տոկոս
Արմինֆո. 2011 թ. փետրվարի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 7.75%: 2011 թ. հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 10.6%` պարենային ապրանքների գների աճի բավականին բարձր` 8.8 տոկոսային կետ նպաստմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրը շարունակելու է ընդլայնվել` կապված պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում հիմնարարներից բխող կանխատեսվող լարվածության պահպանման և գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետևանքով դեռևս պահպանվող բարձր գների հետ:
Խորհուրդը գտնում է, որ չնայած ներկայումս ներքին պահանջարկի վերականգնումը գնաճային ճնշումներ չի ձևավորում, սակայն տնտեսության զարգացման կանխատեսվող միտումները, նախորդ տարվա ընթացքում արձանագրված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունների ուժգնացումն ու գնաճային սպասումների ավելացումը գնաճային նոր ռիսկեր են առաջացնում:
Այս իրավիճակում կանխատեսվող 12-ամսյա ժամանակային հորիզոնում գնաճի կանխատեսված և նպատակային ցուցանիշների միջև շեղման վերացման համար առաջնային անհրաժեշտություն է դրամավարկային պայմանների կոշտացումը և դրա զուգակցումը պարտադիր պահուստավորման մեխանիզմի վերջին փոփոխությունների հետ:
Խորհուրդը կարևորում է գնաճի կանխատեսվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը: Վերջինս պետական այլ կառույցների հետ մեկտեղ հակագնաճային միջոցառումների իրականացման ներքո նախադրյալներ կստեղծի գնաճը 2011 թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար: