Հինգշաբթի, 3 Փետրվարի 2011 15:50
Ծանոթության միջոցով խնդիրները լուծելու հայ վարորդների սովորությունը տեղի է տալիս ապահովագրի առկայության դեպքում, նշում են ՙՆաիրի Ինշուրանսի՚ մասնագետները
Արմինֆո. Ծանոթությամբ բոլոր խնդիրները լուծելու հայ ավտոսիրողների կայուն հոգեկերտվածքն աստիճանաբար զիջում է ՃՏՊ-ների դեպքում կոնֆլիկտային իրավիճակների լուծման քաղաքակիրթ եղանակներին, նշում են ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունում:
Ընկերության մասնագետների ասելով, ապահովագրի առկայությունը վարորդներին հնարավորություն է տալիս ավելի հանգիստ արձագանքել ճանապարհային պատահարներին և դրանց առնչվող գույքային վնասին:
ՙԴրան, ամենայն հավանականությամբ, նպաստում է որոշ վստահությունը ապահովագրողների նկատմամբ և ապահովագրական փոխհատուցում ստանալու որոշակի համոզմունքը՚, - նշել են ընկերությունում: ՙՆաիրի Ինշուրանսի՚ մասնագտեների ասելով, վարորդները հաճույքով համագործակցում են ընկերության հետ, ներկայացնելով անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն ՃՏՊ-ի մասին, ընդ որում` ընդունելի ժամկետներում:
Ավելի դժվար է այդ սովորության դեմ պայքարել երկրի մարզերում, սակայն այստեղ էլ կան դրական միտումներ, նշել են ընկերությունում: Մասնավորապես, եթե ԱՊՊԱ կիրառման առաջին օրերին ոչ մի ՃՏՊ չէր անցնում առանց, առնվազն, խոսքակռվի ու հայհոյանքի, ապա արդեն այսօր դեպքերի մեծ մասում կողմերը ձգտում են չխախտել էթիկայի նորմերը և անմիջապես իրենց ապահովագրող գործակալին տեղեկացնում են ՃՏՊ-ի մասին:
Մեկնաբանելով պարտադիր ապահովագրությանը Ճանապարհային ոստիկանության պատրաստության մակարդակը` ընկերության մասնագետները նշել են, որ Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցներն ավելի լավ են աշխատում, քան սպասվում էր: ՙԽոսքը վերաբերում է թե օպերատիվությանը պատահարի վայր ժամանելիս, թե պատահարը կարգավորելիս իրենց լիազորությունների մի մասը ապահովագրական ընկերությունների մասնագետներին տրամադրելուն` աննշան բացառություններով՚, - նշել են ընկերությունում, ավելացնելով, որ այս ամենն զգալիորեն հեշտացնում է ՃՏՊ կարգավորման գործընթացը և վերացնում լրացուցիչ բյուրոկրատական արգելքերը:
Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ բուժհաստատությունների պարագայում: Այստեղ, ապահովագրական ընկերության մասնագետների հավաստմամբ, անհրաժեշտ է այդ կառույցներին համոզել այնպիսի մեխանիզմի գործունությունը, ինչպիսին է ԱՊՊԱ-ն, մասնավորապես, տրամադրված բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցման մասով: Ուստի տվյալ ինստիտուտի հետ փոխգործակցության արդյունավետությունն, իհարկե, այնքան էլ բարձր չէ:
Ինչպես հաղորդել են ընկերությունում, ԱՊՊԱ կիրառման առաջին ամսվա ընթացքում ՙՆաիրի Ինշուրանսում՚ օրական 8 ծանուցում էր ստացվում ԱՊՊԱ գծով ապահովագրության դեպքերի մասին: Պատկերը կտրուկ փոխվեց եղանակային պայմանների վատթարացման պատճառով, ինչի հետևանքով զգալիորեն ավելացավ ՃՏՊ-ների թիվը, հետևաբար` նաև ապահովագրական ընկերություններին դիմելու դեպքերը: Փետրվարի առաջին օրը ՙՆաիրի Ինշուրանսը՚ ՃՏՊ մասին շուրջ 70 ծանուցում է ստացել: