Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2011 11:57
2010 թվականին Յունիբանկի ՓՄՁ պորտֆելը աճել է 25%, հասնելով 48.4 մլրդ.դրամի
Արմինֆո. 2010 թվականին Յունիբանկը 25%-ով մեծացրել է ՓՄՁ վարկավորման պորտֆելը, հասցնելով 48.4 մլրդ.դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայույթւոնից, տրամադրված բիզնես-վարկերի քանակը հաշվետու տարում ավելացել է մոտ 2 անգամ:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականին բանկը նախատեսում է վարկավորման ծավալները մեծացնել 10 մլրդ.դրամով, նոր վարկային պրոդուկտների մշակման ու դրանց ներդրման, ինչպես նաև բանկի ռեսուրսների մատչելիության պարզեցման հաշվին:
Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արա Ավագյանի խոսքերով, ՓՄՁ ֆինանսավորումը հանդիսանում է բանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը: ՙՄենք աշխատում ենք հաճախորդներին առաջարկել վարկավորման ամենանպաստավոր պայմանները, անկախ վարկի չափերից և գործունեության ոլորտից: Օրինակ, ՓՄՁ վարկավորման նպատակով բանկը նախատեսել է առանց պարտադիր գրավի վարկային մի պրոդուկտ, այսինքն, բավական է որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացնել երաշխիքային նամակ՚,-նշել է նա:
Միաժամանակ, Յունիբանկը շուկայի և ձեռներության պահանջարկի հետազոտության արդյունքում մշակել է վարկային երկու նոր պրոդուկտ ՙUni-Express՚ և ՙUni-Micro՚, որոնք նախատեսված են փոքր բիզնեսի զարգացման աջակցմանը: Ըստ նոր պրոդուկտների, միջոցները տրամադրվում են 48 ամիս մարման ժամկետով, հայկական դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Վարկի առավելագույն չափը ՙUni-Express՚-ով կազմում է 3 մլն. դրամ, իսկ ՙUni-Micro՚-ով` 3-5 մլն.դրամ: Տոկոսադրույքը կազմում է տարեկան 17-22%, կախված վարկավորման տարադրամից: