Երեքշաբթի, 15 Մարտի 2011 11:32
Հայաստանում արտարժութային ավանդների համեմատ դրամային ավանդների էական աճի շնորհիվ 6.3% իջել է դոլարիզացիայի մակարդակը
ԱրմԻնֆո. Հայաստանում արտարժութային ավանդների համեմատ դրամային ավանդների էական աճի շնորհիվ 6.3% իջել է դոլարիզացիայի մակարդակը: Փետրվարի վերջին դրամային ավանդների տարեկան աճը կազմել է 33.7%, իսկ արտարժութային ավանդների աճը` 6%: Միայն փետրվարին դրամային ավանդներին աճել են 5.4%, իսկ արտարժութային ավանդները`1%, ինչը ամսվա կտրվածքով 1.8% իջեցրել է դոլարիզացիայի մակարդակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, չնայած դրամավարկային քաղաքականության խստացմանը, բանկերի կողմից պահպանվում են տնտեսության վարկավորման բարձր տեմպերը, տարվա կտրվածքով կազմելով 29.4%, իսկ ամսվա կտրվածքով աճելով 1.5%:
Փետրվարի դրամական և դրամային բազաներն աճել են 3.2%, ինչի շնորհիվ դրամային զանգվածն ավելացել է ավելի էականորեն` 4.3%, քան դրամական զանգվածը` 2.8%: Տարվա կտրվածքով դրամական զանգվածը մեծացել է 13.1%, դրամային զանգվածը` 19.6%, իսկ դրամական բազան`4.7%:
Նշենք, որ 2010 թվականի դեկտեմբերին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրամային ավանդներն աճել են 23.7%, իսկ արտարժութային ավանդները` 2.7%, ինչի շնորհիվ դոլարիզացիայի մակարդակն իջել է 4.6%: Հայաստանի դրամական բազան 2010 թվականին կրճատվել է մոտ 1%, միայն դեկտեմբերին աճելով 11.5%, 2011 թվականի հուվարի 1-ի դրությամբ կազմելով 507.5 մլրդ.դրամ: 2010 թվականին դրամական զանգվածն աճել է 11.8%, դեկտեմբերին` 8.6%, կազմելով 911.4 մլրդ.դրամ: 2010 թվականին առևտրային բանկերի կողմից ներգրաված ավանդների ծավալն աճել է մոտ 7%, դեկտեմբերին` 6.7%, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 702.3 մլրդ.դրամ: