Հինգշաբթի, 24 Մարտի 2011 13:46
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը 8 մլն.եվրո գումարի դրամական աջակցություն կտրամադրի Հայաստանի 5 բանկերի 
Արմինֆո.  Սևծովյան առևտրի և զարգացման բանկն առաջիկայում 8 մլն. եվրո գումարի դրամական աջակցություն կտրամադրի Հայաստանի 5 բանկերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը, չներկայացնելով այդ բանկերի անունները և համապատասխան պայմանագրերի ստորագրման ժամկետները:
Նրա խոսքերով, շարունակվում է Կովկասյան ներդրումային Հիմնադրամի ստեղծման աշխատանքները: Հիմնադրամի ակտիվներում Սևծովյան բանկի բաժինը կկազմի ավելի քան 10 մլն.դոլար, նշել է Ա.Կոնդակովը:
Նշենք, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997 թ. կնքված պայմանագրի հիման վրա և իր գործունեությունը սկսել 1999 թ.-ից` որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%:
 
Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման միջոցով: Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսավորել է 169 նախագծեր` 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար: