Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2011 19:18
ԱՊՊԱ ներդրումը դեռ չի բերել տնտեսական ակտիվության ակնկալվող վերելքին
Արմինֆո. Հայաստանի ապահովագրողներևի ներդրումային քաղաքականության մեջ 2011 թվականին լուրջ փոփոխություններ չեն սպասվում: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությնա գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը, մեկնաբանելով ապահովագրողների հետագա պլանները, կապված ԱՊՊԱ շրջանակներում ձևավորված ապահովագրական պահուստների տեղաբաշխման հետ: Նա նկատել է, որ նման սցենարը լիովին բացառում է երկրի ֆինանսական հանրության կողմից ակնկալվող ակտիվությունը ֆինանսական շուկայում, կապված ապահովագրողների մոտ ազատ ռեսուրսների ձևավորման հետ:
Մինչև ԱՊՊԱ ներդրումը Հայաստանի ապահովագրական ընկերություններն իրենց պահուստները ներդնում էին բանկային ավանդներում, պետպարտատոմսերում և արտարժույթում, իսկ մի փոքր մասն էլ տեղաբաշխվել է նաև արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերում և պարտատոմսերում: Գ.Խաչատրյանի համոզմամբ, ներդրումների նման համակարգը շարունակվում է նաև այս տարի, ՙպարզապես, կավելանա ներդրումների ծավալը՚:
Նրա խոսքերով, ընկերությունը, ինչպես նաև մյուս ապահովագրողները, առայժմ կպահպանեն ներդրումների իրականացման նախկին կառուցվածքը, երբ ապահովագրական պահուստները հիմնականում ներդրվում էին բանկային ավանդներում: Ավելի երկարաժամկետ ապագայում, հնարավոր ուղղությունների մանրազնին ուսումնասիրությունից հետո, ընկերությունը կվերանայի իր ներդրումների կառուցվածքը: Գ.Խաչատրյանը պարզաբանել է, որ ներկայումս ապահովագրողներն ունեն ներդրումային ոլորտի մասնագետների կարիք: Այս հանգամանքը նույնպես դժվարացնում է արդյունավետ ներդրումային քաղաքականության ընտրությունը: Նման գործոնների շարքում ապահովագրողը նշել է նաև ԱՊՊԱ գծով առաջիկա ապահովագրական հատուցումների իրականացման պլանավորման պրոբլեմները` ամռան սեզոնի համար, երբ ապահովագրական ընկերությունները, որպես կանոն, գրանցում են լուրջ վնասներ:
Արդունավետ ներդրումային քաղաքականության ընտրության դժվարությունները Գ.Խաչատրյանը բացատրում է նաև երկրում գրավիչ ներդրումային ծրագրերի բացակայությամբ, որոնք միաժամանակ կկարողանային ապահովել ապահովագրական պահուստների եկամտաբեր, հուսալի և իրացվելի տեղաբաշխում: Իսկ ներկայումս, նրա կարծիքով, ներդրումների ամենաեկամտաբեր գործիքները Հայաստանում հանդիսանում են պետպարտատոմսերը:
Ներդրումային գործունեության ոլորտում ապահովագրողների համար դժվարություններ է ստեղծում նաև օրենսդրությունը, որի համաձայն, ներդրումային գործունեություն իրականացնելիս նախատեսվում է միջնորդ ընկերությւոնների մասնակցություն, որոնք հանդիսանում են արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ գործակալներ: