Ուրբաթ, 8 Ապրիլի 2011 16:32
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբն ընթացիկ տարում հիփոթեքային վարկավորմանը կուղղի 6.5 մլն.դոլար
Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբն ընթացիկ տարում մանրածախ վարկավորման գծով հատուկ ուշադրություն կդարձնի հիփոթեքին, որի զարգացմանը կուղղի 6.5 մլն.դոլար: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, 2010 թվականին բանկի կողմից հիփոթեքային վարկավորման նպատակով հատկացվել էր 2.5 մլն.դոլար:
ՙԽոշոր բանկը չպետք է հեռու մնա բանկային բիզնեսի որևէ տեսակից և առողջ բանկի պորտֆելը պետք է լինի դիվերսիֆիկացված, հետևաբար հետագայում էլ մենք մտադիր չենք շեղվել ֆիզիկական անձանց վարկավորումից: 2011 թվականին մենք մտադիր ենք ջանքեր գործադրել հիփոթեքային վարկավորման ծրագրերի ակտիվ իրականացման ուղղությամբ, մանավանդ, որ բանկում կիրառվող ստանդարտները թույլ են տալիս պորտֆելի որակը պահպանել բավականին առողջ մակարդակի վրա, հնարավորինս զերծ մնալով անբարեխիղճ հաճախորդներից՚,-նշել է Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը: Նա հիշեցրել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ բանկն աշխատում է հիփոթեքային վարկավորման շուկայում, ունի հարուստ փորձ, ավելին, պարբերաբար վերանայում է տոկոսադրույքները` դեպի իջեցման կողմը: