Երկուշաբթի, 11 Ապրիլի 2011 19:51
Ասիական Զարգացման բանկն ապրիլի 14-ին հայկական վեց բանկերի հետ կկնքի առևտրի ֆինանսավորման համաձայնագիր
Արմինֆո. Ասիական Զարգացման բանկն ապրիլի 14-ին հայկական վեց բանկերի հետ կկնքի առևտրի ֆինանսավորման համաձայնագիր: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ADB լրատվական ծառայությունից, կկնքվեն ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի, ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի, ՙԱրդշինինվեստ Բանկ՚ ՓԲԸ-ի, ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ-ի, ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ի և ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ի հետ:
Աղբյուրի համաձայն, դա մի քայլ է, որն ուղղված է Հայաստանում առևտրի ոլորտի զարգացման խթանմանն ու Կենտրոնական Ասիայի երկրներում կայուն տնտեսական աճ ապահովելուն:
2004թ-ից մինչև 2010թ-ի ավարտն ընկած ժամանակահատվածում Առևտրի ֆինանսավորման ծրագիրը նպաստել է 14 ասիական երկրներում, ընդհանուր 5.2 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ, 2,433 միջազգային առևտրային գործարքների իրականացմանը: Միայն 2010թ-ի ընթացքում, ծրագիրը աջակցել է 783 գործարքների իրականացմանը: Անցած տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված գործարքներից 277-ն իրականացվել են փոքր և միջին ձեռնարկությունների կողմից:
Ասիական զարգացման բանկը, որի գլխամասը գտնվում է Մանիլայում, հետամուտ է նվազեցնել աղքատությունը Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրներում, հետևողական տնտեսական աճի, շրջակա միջավայրի պահպանության և տարածքային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվելով 1966թ-ին` ունի 67 անդամ երկրներ, որոնցից 48-ը Ասիայի տարածաշրջանից են: 2010թ-ին ԱԶԲ-ի հաստատված ծրագրերը, ներառյալ համաֆինանսավորումը, 17.51 միլիարդ ԱՄՆ դոլարի է հասել: Ի լրումն, ԱԶԲ-ի ընթացիկ Առևտրի Ֆինանսավորման Ծրագիրը աջակցել է առևտրին 2.8 միլիարդ դոլարով: