Ուրբաթ, 15 Ապրիլի 2011 15:03
ՀՀ ԿԲ առաջարկում է Հայաստանում ներդնել ֆինանսական նոր գործիք` սուբօրդինացված փոխառություն
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկն առաջարկում է Հայաստանում ներդնել ֆինանսական նոր գործիք` սուբօրդինացված փոխառություն:
Այս մասին այսօր, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսս Երիցյանը, երկրորդ և վերջնական ընթերցմանը ներկայացնելով ՙՎճարահաշվարկային համակարգերի մասին՚, ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚, ՙՎարկային կազմակերպությունների մասին՚, ՙԱպահովագրական ընկերությունների և ապահովագրական գործունեության մասին՚, ՙԱրժեթղթերի շուկայի մասին՚, ՙԱնվճարունակության մասին՚, ՙԲանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական կազմակերպությունների անվճարունակության մասին՚, ՙՎարկային բյուրոների մասին՚ և ՙՎարկային տեղեկատվության շրջանառության մասին՚ ՀՀ Օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը:
Ինչպես նշել է Ն.Երիցյանը, առաջարկվում է թեթևացնել վճարահաշվարկային համակարգերի լիցենզավորման գործընթացը: Նրա խսքերով, ճշգրտվել է նաև վճարահաշվարկային ծառայությունների ցանկը, ելնելով Եվրամիության համապատասխան պահանջներից: Միջազգային վճարահաշվարկային համակարգերում մասնակցել ցանկացողների համար սահմանվում են լրացուցիչ պահանջներ, մասնավորապես, խստորեն ապահովել տարածաշրջանային փոխանցումեների հուսալիությունն ու կայունությունը:
Ինչ վերաբերվում է վարկային կազմակրպությունների, վարկային բյուրոների և վարկային տեղեկությունների տարածման վերաբերյալ օրենքների փոփոխություններին, ապա այստեղ տարաբաժանվում է ներդրումային և վարկային կազմակերպությունների ֆունկցիաները: Մասնավորապես, ներդրումային կազմակերպությունը վարկային ծառայություններ չի կարող մատուցել, իսկ վարկային կազմակերպությունները` ներդրումային ծառայություններ:
Բացի այդ, առաջարկվում է նաև Հայաստանի համար նորություն հանդիսացող ֆինանսական գործիքի` սուբօրդինացիոն փոխառության ներդրումը, որը մեծ դեր է խաղում հատկապես կապիտալի ներգրավման կան համալրման ժամանակ, երբ ներդրողը ցանկանում է այլ ոլորտում կամ կազմակերպությունում կատարել երկարաժամկետ ներդրումներ, բայց չի ցանկանում գործ ունենալ արժեթղթերի հետ: Այս գործիքը լայնորեն կիրառվում է բազմաթիվ երկրներում և Հայաստանի համար էլ շատ կարևոր է դրա ներդրումը: Սուբօրդինար փոխառությունը հանդիսանում է կազմակերպության կապիտալի մեծացման բավականին արագ և ճկուն մեխանիզմ: ՙՆերկայիս օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս, կապիտալի համալրման կարիքն ունեցող բաժնետոմսերն էլ այնքան չեն գրավում ներդրողին, իսկ սուբօրդինացված փոխառությունը հնարավորություն է ստեղծում ներգրավել երկարաժամկետ միջոցներ, առանց բաժնետոմսերի հետ գործ ունենալու՚,-նշել է նա: