Շաբաթ, 23 Ապրիլի 2011 11:31
Նուտ Վելլինկ. Համաշխարհային ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին, որ վերահսկողական և մոնետար գործառույթները մեկ տանիքի ներքո միավորելը ներկա դրությամբ լավագույն մոդելն է
Արմինֆո. Համաշխարհային ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին, որ վերահսկողական և մոնետար գործառույթները մեկ տանիքի ներքո միավորելը ներկա դրությամբ լավագույն մոդելն է: Այս մասին այսօր ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Բանկային Վերահսկողության Բազելյան Հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի Կենտրոնական Բանկի Կառավարման Խորհրդի և Գլխավոր Խորհրդի անդամ Նուտ Վելլինգը, երկօրյա այցով Երևան կատարած իր այցի շրջանակներում: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ լրատվական ծառայությունից, Դոկտոր Նուտ Վելլինկի այցելության առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպվել էր կլոր սեղան բանկային վերահսկողության թեմայով, որին մասնակցել են ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և հանձնաժողովի անդամ Արեգ Բարսեղյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և փոխնախարար Վարդան Արամյանը, բանկերի գործադիր տնօրեններ, ԿԲ վարչության պետեր:
Կլոր սեղանի ժամանակ ներկայացվել է ՙՀՀ ֆինանսական համակարգի և վերահսկողական մոդելի պատմական զարգացումները՚ զեկույցը, որից հետո դոկտոր Նուտ Վելլինկը հանդես է եկել ՙՎերահսկողական ճարտարապետության նոր միտումները կենտրոնական բանկի կառուցվածքում, թե՞ դրանից դուրս՚ թեմայով ելույթով:
Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին, որ վերահսկողական և մոնետար գործառույթները մեկ տանիքի ներքո միավորելը ներկա դրությամբ լավագույն մոդելն է, քանի որ մի քանի երկրներում առանձնացված վերահսկողությունը ձախողվել է: Նա կարևորել է այն հանգամանքը, որ կենտրոնական բանկերից կողմից անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել վերահսկողության ոլորտում:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնելով հյուրին, նշելով, որ Նիդեռլանդների բանկը երկար տարիներ աջակցել և օգնել է Հայաստանի կենտրոնական բանկին ֆինանսական վերահսկողության զարգացման հարցում: Նա ասել է, որ Կենտրոնական բանկը հետաքրքրված է ուսումնասիրելու ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների վերահսկողության ոլորտում Նիդեռլանդների փորձը:
Տեղեկանք. Դոկտոր Նուտ Վելլինկը ծնվել է 1943 թ-ին, սովորել Լեյդենի և Ռոտերդամի համալսարաններում, ունի տնտեսագիտության մագիստրոսի գիտական աստիճան:
Աշխատել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարությունում, այնուհետև որպես գլխավոր գանձապետ, 1982 թ-ից եղել է Նիդեռլանդների Բանկի գործադիր տնօրենը, իսկ 1997 թ-ի հուլիսից բանկի նախագահն է: 4 տարի նախագահել է Միջազգային Հաշվարկների Բանկում և Տնօրենների Խորհրդում:
Նշենք, որ բանկային միջազգային նորմատիվների նոր փաթեթը` ՙԲազել III՚, նախատեսում է բանկերի կապիտալի բավականաչափության նվազագույն պահանջների աստիճանաբար խստացում: Բացի այդ, բանկերը պարտավոր են ձևավորել հատուկ բուֆերային պահուստային կապիտալ, ինչի հաշվին աճում են առաջին մակարդակի բազային կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները (common equity): Բազելյան ստանդֆարտները նախատեսում են նաև առաջին մակարդակի բազային կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջների բարձրացում (Tier 1), որը կազմված է common equity բազային բաղադրիչից և լրացուցիչ գործիքներից: Նոր փաթեթի ևս մեկ կետով բանկերը վարկային ՙփրփուրների՚ պոտենցիալ առաջացման ժամանակահատվածների համար պարտավոր են ձևավորել հատուկ, ՙկոնտրացիկլային՚ պահուստներ: