Շաբաթ, 23 Ապրիլի 2011 11:34
Ամերիաբանկը նախատեսում է վարկավորման ծավալները մեծացնել 30-40 տոկոսով, շեշտը դնելով ՓՄՁ վարկավորման զարգացման վրա 
Արմինֆո.  2011 թվականի ավարտին Ամերիաբանկը նախատեսում է վարկավորման ծավալները մեծացնել 30-40%-ով, շեշտը դնելով ՓՄՁ վարկավորման զարգացման ծրագրերի վրա: Այս մասին այսօր Ամերիաբանկում, առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նա հիշեցրել է, որ բանկի համընդհանուր վարկային պորտֆելը ապրիլի 20-ի դրությամբ կազմել է 111 մլրդ.դրամ: Եռամսյակի ընթացքում Ամերիաբանկի վարկային ներդրումների ծավալն աճել է 17% կազմելով 103 մլրդ.դրամ, իսկ ՓՄՁ վարկավորման ծավալը կազմել է 8.5 մլրդ.դրամ:
Բանկի ակտիվները մարտի վերջին կազմել են 160.5 մլրդ.դրամ, տարեկան 45% աճով: Տ.Ջրբաշյանի խոսքերով, այս ցուցանիշով բանկը շարունակում է Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնել 2 հորիզոնականը: Եռամսյակի ավարտին բանկի պարտավորությունները կազմել են 127.8 մլրդ.դրամ, տարեկան 45% աճով: Բանկի կապիտալը տարվա կտրվածքով աճել է 46.7%, մինչև 32.7 մլրդ.դրամ: 
Տ.Ջրբաշյանը նշել է բանկի հաճախորդների բազայի ավելացման մասին, որն այսօր կազմում է 28.5 հազար հաճախորդ, այդ թվում, 2600 իրավաբանական և 26000 ֆիզիկական անձեր: Նա նկատել է, որ բանկը կշարունակի մանրածախ վարկավորման քաղաքականությունը: Առաջին եռամսյակի արդյունքներով ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը կազմել է 15.3 մլրդ.դրամ ¥6 տեղ¤:
Նրա խոսքերով, բանկի վարկերը երկարաժամկետ են, որտեղ առաջնահերթ հատվածներ են հանդիսանում լեռնային, արդյունաբերության, էներգետիկայի և սննդի արդյունաբերության հատվածները: ՙՎերամշակման արդյունաբերությունը բանկի ամենալուրջ հատվածներից է: Այստեղ ունենք բավականին լուրջ պորտֆել, մոտ 30 մլրդ. դոլար և բազմաթիվ լուրջ գործընկերներ՚,-նկատել է նա:
Բանկն ակտիվորեն շարունակում է համագործակցությունը միջազգային կառույցների հետ: Ջրբաշյանի խոսքերով, այս տարի բանկը նախատեսում է ներգրավել 40-50 մլն դոլար, որը հիմնականում կուղղվի ՓՄՁ զարգացմանը:
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն Ամերիաբանկում առաջին եռամսյակում աճել են 11%, ապրիլի 20-ին կազմելով 29 մլրդ.դրամ: Իսկ ցպահանջ ավանդների աճը տարեսկզբին կազմել է 12-13%:
Հաջորդ եռամսյակում նախատեսվում է մի շարք նոր պրոդուկտների ներդրում: Այսպես, արդեն հաջորդ շաբաթ բանկը մտադիր է իր նորամուծություններով զարմացնել ներմուծողներին ու արտահանողներին: Բանկն ավարտել է նաև ֆիզիկական անձանց համար նախատեսված նոր պրոդուկտի մշակումը, որը ենթադրում է պասիվ ներդրումների իրականացում: ՙԱյս պրոդուկտը լուրջ նորությւոն կլինի շուկայում և մեզ թույլ կտա ընդլայնել հաճախորդների բազան` ՓՄՁ գծով՚: Եվս մեկ պրոդուկտ հատուկ նախատեսված է Սփյուռքի համար, որը բանկը կգործարկի մայիսին: