Ուրբաթ, 29 Ապրիլի 2011 12:14
Կենտրոնական բանկը հավատարիմ կմնա լողացող փոխարժեքի քաղաքականությանը
Արմինֆո. Մենք կպահպանենք մեր կողմից իրականացվող լողացող փոխարժեքի քաղաքականության նկատմամբ հավատարմությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մեկնաբանելով Կենտրոնական բանկի հետագա վարքագիծը` ՀՀ Նախագահի հայտարարությունների լույսի ներքո, կապված արտահանողներին աջակցելու նպատակով ՀՀ դրամի աստիճանաբար արժեզրկման անհրաժեշտության հետ:
ԿԲ նախագահն ընգծել է, որ դրամի դեվալվացիայի վերաբերյալ նախագահի հայտարարությունը վերաբերվում է երկարաժամկետ ապագային: ՙԻհարկե, արտահանողների համար լավ մթնոլորտն ստեղծվում է դրամի դեվալվացիայի, իսկ ներմուծողների համար` ռեվալվացիայի միջոցով՚,-նկատել է Ջավադյանը, ընդգծելով, որ շատ դժվար է ընտրել միջինը, մանավանդ այն պայմաններում, երբ ԿԲ վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն:
Ա.Ջավադյանը նկատել է, որ կան մի շարք գործոններ, մասնավորապես, տրանսֆերտների ներհոսքի, ագրարային հատվածի արտադրության աճի սեզոնային գործոնները, որոնք մի փոքր կամրացնեն դրամը:
Անդրադառնալով ԿԲ կողմից իրականացվող տնտեսության դեդոլարիզացիայի քաղաքականությանը, Ա.Ջավադյանը նկատել է, որ մեգառեգուլյատորը շարունակում է դոլարիզացիայի դեմ պայքարը և այդ ուղղությամբ բավականին լուրջ միջոցառումներն արդեն իրականացված են և կշարունակվեն նաև ապագոյում: Նա նկատել է, որ այս տարի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը մի փոքր կիջնի: