Ուրբաթ, 29 Ապրիլի 2011 17:35
2011 թվականի համար ՀՀ ԿԲ կանխատեսում է 4.1-5.7 տոկոս տնտեսական աճ
Արմինֆո.  2011 թվականի համար ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է 4.1-5.7% տնտեսական աճ: 
Համաձայն ՀՀ ԿԲ 2011 թվականի դրամա-վարկային ծրագրի, հունվար-հունիս ամիսներին 30% հավանականությամբ կանխատեսվում է 3.6%-4.4% տարեկան տնտեսական աճ, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին` 4.1%-5.2%, այդ ժամանակահատվածների համար 90% հավանականությամբ տնտեսական աճ սպասվում է, համապատասխանաբար`  2.7%-6% և 2.7%-7.7% սահմաններում: Տնտեսական աճի ռիսկերը երկկակի են և կախված են ինչպես արտաքին, այնպես էլ ներգին գործոններից: Ընդ որում, գերակշռում են դեպի աճի կողմը ռիսկերը, ինչը պայմանավորված է նաև համաշխարհային տնտեսության վերականգնումով:
Արդյունաբերության հատվածում 2011 թվականին սպասվում է ավելացված արժեքի 6-8% աճ, ինչը հիմնականում պայմանավորված կլինի լեռնարդյունաբերության և մետալուրգիական ոլորտների գների աճով, ինչպես նաև դրանց պահպանմամբ: 
Շինարարության հատվածում, չնայած աճի տեմպերի արագացմանը, այնուամենայնիվ, ավելացված արժեքի իրական աճը դեռևս պահպանվում է ցածր` 2.4% մակարդակի վրա: Սա հիմնականում պայմանավորված է էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանասպորտի և կապի ոլորտներում շինարարության տեմպերի աճով:
Ծառայությունների մատուցման ոլորտում ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 3.5-5.5% սահմաններում, հիմնականում, մասնավոր և պետական ծախսերի սպասվող աճի հաշվին, ինչը կանդրադառնա առևտրի շրջանառության ծավալների և մատուցվող ծառայությունների ծավալների վրա:
Գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 7-9% սահմաններում, ինչը պայմանավորված կլինի բուսաբուծության և անասնաբուծության հատվածներում ակնկալվող աճեվ: