Երեքշաբթի, 3 Մայիսի 2011 14:25
Արարատբանկը ներդրել է իր կողմից մշակված սքորինգային համակարգ
Արմինֆո. Բիզնես վարկերի վերլուծության նպատակով Արարատբանկը ներդրել է իր կողմից մշակված սքորինգային համակարգ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Արարատբանկի կորպորատիվ բանկինգի Վարչության պետի տեղակալ Ռոստոմ Բադալյանը, հավելելով, որ այն չունի իր նմանատիպը Հայաստանում և հարմարեցված է հայ վարկառուին: ՙՍքորինգը, կամ վարկառուի գնահատման համակարգը, հիմնված է ոչ միայն վիճակագրական, այլ նաև վերլուծական հետազտությունների վրա, որը մեզ թույլ է տալիս վերլուծել վարկառուին ու վարկը սպասարկելու նրա հնարավորությունը՚,-նշել է Ռ.Բադալյանը:
Նոր համակարգի գլխավոր ձեռքբերումը, նրա խոսքերով, վարկային ռիսկի էական նվազեցումն է, ինչը բարելավում է վարկային պորտֆելի որակը, և որպես հետևանք`բանկի եկամուտների ավելացումը: ՙՉնայած առաջին եռամսյակում արձանագրված վարկային պորտֆելի զգալի աճին, վատ վարկերի մակարդակը ոչ միայն չաճեց, այլ անգամ կրճատվեց՚,-նկատել է Բադալյանը: Նրա խոսքերով, տարեվերջին այս ցուցանիշը չի անցնի 1%-ից:
Բանկի կողմից մշակված բիզնեսի գնահատման սքորինգային համակարգը ոչ միայն թույլ կտա գնահատելու պտենցիալ վարկառուի վարկունակությունը, այլ յուրօրինակ ֆիլտր է հանդիսանում, որի օգնությամբ վերանում են պրոբլեմային վարկառուները:”Այս համակարգը թույլ կտա կիրառել նաև գնագոյացման քաղաքականություն, որը կհամապատասխան յուրաքանչյուր վարկառուի ներուժին ու հնարավորություններին: Գնահատման առաջին փուլում վերլուծվում է վարկառուի վարկային պատմությունը և ֆինանսական ցուցանիշների վիճակը: Երկրորդ փուլում` ընկերության վարչարարության և մենեջմենտի մակարդակը: Երրորդ փուլում գնահատվում է հաճախորդի շուկայական դիրքերի գնահատումը, այդ թվում նաև մարժինալ եկամուտները, ինչպես նաև սնանկության հավանակաությունը: Հաշվի է առնվում նաև այն կազմակերպությնա կախվածությունն այն նախագծից, որի իրականացման նպատակով վերցվում է վարկը:
Բանկի համար մատչելի ռիսկերի գոտի ընկնելու համար հարկավոր է հավաքել առնվազն 50 միավոր, իսկ 85-100 միավոր հավաքողներն ընկնում են բանկի համար ավելի ցածր ռիսկերի գոտի: Դրանից հետո իրականացվում է գրավային ապահովման մանրազնին վերլուծություն:
Վարկառուի վերջնական գնահատականը տրվում է երկու գնահատականներից` գրավի գնահատումից և վարկային սքորինգից: Համալիր վերլուծության արդյունքում բանկը վարկառուին գրանցում է որոշակի միավորներ, որոնք արտահայտված են տոկոսային ցուցանիշների տեսքով: