Երկուշաբթի, 18 Ապրիլի 2011 16:09
Գերմանական Կոմերցբանկը պարգևատրել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ին միջազգային վճարումների բարձր որակի համար
Արմինֆո. 2010 թվականի գործունեության արդյունքներով Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ին պարգևատրել է Կոմերցբնակի միջոցով կատարված ՙՄիջազգային վճարումների բարձր որակի համար՚: Ամեն տարի Կոմերցբանկը այդ մրցանակը շնորհում է լավագույն գործընկեր-բանկերին` միջազգային վճարումների բարձր որակի համար:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, մրցանակի հանձնման արարողությանը մասնակցել են Կոմերցբանկի կողմից` հաճախորդների հետ հարաբերությունների ավագ պատասխանատու Ակսել Բոմերշեյմը և հաճախորդների հետ հարաբերությունների պատասխանատու Յոհան Էնգբրեխստը, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ի կողմից` Գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Խաչատրյանը և Զավեն Շամյանը:
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերը ռուսական ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն է: 2010 թվականին բանկի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 820 մլն ԱՄՆ դոլար:
Գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) հիմնադրեվել է 1870 թվականին: Այն ակտիվների մեծությամբ (400 մլրդ եվրո) համարվում է Գերմանիայի երկրորդ բանկը: Նրա 36 հազար աշխատակիցներ տարեկան սպասարկում են մոտավորապես 8 մլն հաճախորդ աշխարհի ավելի քան 40 երկրում: