Հինգշաբթի, 21 Ապրիլի 2011 16:19
Ամերիաբաանկն առաջին հայկական բանկն է Apple Store-ում
Արմինֆո. Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի լրատվական ծառայությունից, համաձայն իր ռազմավարությամբ ամրագրված քաղաքականության` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ իրականացնել ինովացիաների ներմուծման, առաջադեմ տեխնոլոգիական միջոցների զարգացման ուղղությամբ:
Բանկի հերթական ինովացիան այս անգամ հնարավորություն է ընձեռում ամենուր հասանելի լինել Բանկի վերաբերյալ տեղեկատվությանը` iPhone տեսակի հեռախոսի միջոցով: Բեռնելով Apple Store-ում Ամերիաբանկի ծրագիրը (Application)` հնարավոր է ծանոթանալ Բանկի նորություններին, փոխարժեքներին, առաջարկվող ծառայությունների փաթեթին և տրամադրման պայմաններին, մասնաճյուղերի և բանկոմատների հասցեներին: Միաժամանակ հնարավորություն է ստեղծված ինտերակտիվ քարտեզի միջոցով արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում:
Ներկայումս տարվում են աշխատանքներ մոտ ապագայում ներկայացված հիմքի վրա Mobile Banking-ը զարգացնելու ուղղությամբ, որը հաճախորդների համար գործարքների կատարման հնարավորություն կստեղծի իրենց անձնական iPhone հեռախոսներից:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: