Հինգշաբթի, 5 Մայիսի 2011 12:13
Այ-Էս-Ջի՚ ընկերությունում չեն մեկնաբանել ՌԱՍԿՈ ընկերությանն ապահովագրական պորտֆելի փոխանցման գործարքը
Արմինֆո. ՙԱյ-Էս-Ջի՚ ապահովագրական ընկերությունը իր ապահովագրական պորտֆելն ամբողջովին փոխանցել է ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մարկետինգի ծառայությունից:
ՙԱյ-Էս-Ջի՚ ընկերության ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել ՌԱՍԿՈ ընկերությանն ապահովագրական պորտֆելի փոխանցման գործարքի մանրամասները:
Նշենք, որ ՙԱյ-Էս-Ջի՚ ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը պատկանում է ՙՄիկա Լիմիթեդ՚ ընկերությանը: Ընկերությունը հիմնվել էր 1999 թվականին, ՙԳրանդ՚ անվան տակ և մասնագիտանում էր ավիացիոն ռիսկերի ապահովագրության հատվածում: 2007 թվականին ընկերության լիցենզիան դադարեցվել է նորմատիվային խախտումների պատճառով, ինչը կապված է եղել տեղական շուկայի համար իր նախադեպը չունեցող 20 մլն.դոլար ապահովագրական հատուցման իրականացման հետ, կապված Սոչիում A320 ինքնաթիռի վթարի հետևանքով: 2007 թվականի դեկտեմբերին ՙՄիկա Լիմիթեդ՚ ընկերությունը հիմնում է նոր ապահովագրական ընկերություն` ՙԱյ-Էս-Ջի՚: Դառը փորձն արտահայտվեց նոր ընկերության ռազմավարության վրա, որն ավիացիոն ռիսկերի ապահովագրությանը զուգահեռ սկսեց զբաղվել նաև ապահովագրական մյուս հատվածների ապահովագրությունով, դիվերսիֆիկացնելով պորտֆելը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստաի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՙԱյ-Էս-Ջի՚ ապահովագրական ընկերությունը ապահովագրական պրեմիաների ծավալով`1.2 մլրդ.դրամ, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, որտեղ մեծ մասը կազմում են ավիացիոն ռիսկերը: Նախորդ տարում ընկերությունը գրանցել է պրեմիաների ծավալների 25.4% անկում: Ընկերության ապահովագրական պորտֆելում կորպորատիվ պայմանագրերի բաժինը կազմում է 93%: Ընկերության կանոնադրական կապիտալը հունվարի 1-ին կազմել է 1.1 մլրդ.դրամ, սեփական կապիտալը` 1.092 մլրդ.դրամ, ակտիվները` 1.7 մլրդ.դրամ, իրականացրած հատուցումները` 23.6 մլն.դրամ:
ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 2008 թվականից: Բաժնետոմսերի 94.8%-ը պատկանում է ՙՌեգիոն՚ ՓԲԸ-ին, մնացած 5.2%-ը` երջանկահիշատակ Էդուարդ Արաբխանյանի իրավահաջորդներին: Ընկերությունը փոխկապակցված է Արդշինինվեստբանկի հետ: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ծավալներով` 222.4 մլն.դրամ, ընկերությունը զբաղեցրել է 9-րդ հորիզնականը, տարվա կտրվածքով նվազելով 15.5%: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 968 մլն.դրամ, սեփական կապիտալը` 1.5 մլրդ.դրամ, ակտիվները` 2.1 մլրդ.դրամ, իրականացված հատուցումները` 30.7 մլն.դրամ: