Ուրբաթ, 29 Ապրիլի 2011 12:16

Հայկական ֆերմերների օգնության ծրագրի շրջանակներում բանկերի կողմից տեղաբաշխվել է ավելի քան 2 մլրդ.դրամ


Արմինֆո. Հայկական ֆերմերների օգնության ծրագրի շրջանակներում բանկերի կողմից տեղաբաշխվել է ավելի քան 2 մլրդ.դրամ: Այս մասին այսօր Կենտրոնական բանկում հայտարարել է ACBA Credit Agricole Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Բանկիրը ընդգծել է, ֆերմերների համար սահմանված 10% դրույքը ՙշատ ու շատ արտոնյալ է՚: Բացի արտոնյալ տոկոսադրույքներից, ծրագիրը ֆերմերներին ազատում է արտարժութային ռիսկից, նրանց վարկավորելով բացառապես ՀՀ դրամով: ACBA Credit Agricole Բանկի ղեկավարը հույս է հայտնել, ծրագիրը կտա շոշափելի արդյունքներ գյուղատնտեսության ոլորտում:

Անդրադառնալով գրավային ապահովման հարցին, Ս.Գիշյանը նկատել է, որ բանկերը որպես գրավի առարկա դիտում են գյուղի բնակչին պատկանող ցանկացած անշարժ գույք, մասնավորապես, հողատարածքները, գյուղտեխնիկան, տրանսպորտը և այլն: Նրա խոսքերով, դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին բանկը կարող է վարկեր տրամադրել նաև երաշխավորության պայմանագրով:

ACBA Credit Agricole Բանկի ղեկավարն ընդգծել է, որ ագրովարկերի պորտֆելում վերադարձների մակարդակը կազմում է 99%, նկատելով, որ դա վկայում է գյուղական բնակչության ազնվության մասին:

Անդրադառնալով տոկոսադրույքների հարցին, նա նկատել է, որ վերջին 15 տարիներին տոկոսադրույքներն ունցել են նվազցման միտումներ, որոնք պահպանվում են նաև այժմ: Նա նշել է, որ հայկական բանկերը չեն կարող բնակչության վարկավորել ավլի ցածր տոկոսադրույքներով, քանի որ ավանդներ են ներգրավում 10-12%, իսկ հաճախ`նաև 13% տոկոսադրույքներով: Նա նշել է, որ ավելի էժան չեն նաև միջազգային կառույցների ռեսուրսները, միաժամանակ հույս հայտնելով, որ գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալների աճը կբերի գյուղապրանքների գների որոշակի իջեցման: