Երեքշաբթի, 10 Մայիսի 2011 21:17
ՀՀ ԿԲ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` 8.5 տոկոս
Արմինֆո. 2011 թվականի մայիսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
2011 թվականի ապրիլին արձանագրվել է 0.2% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել է 8.9%: Խորհուրդն արձանագրեց, որ, չնայած անորոշությունների պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել է գների կայունացման միտումներ:
Խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումների ակնկալվող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա առավելապես չեզոք է: Միևնույն ժամանակ, ներկա բնակլիմայական պայմաններում և գյուղատնտեսության ճյուղում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է այդ ճյուղի առաջարկի ավելացման հաշվին տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:
Խորհուրդն իրատեսական է համարում, որ վերոնշյալը և տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձևավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը և կանխատեսվող հորիզոնում 4%՞1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձևավորմանը: