Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 17:04
Վարկային պորտֆելի որակով Պրոմեթեյ Բանկը գտնվում է առաջատարների հնգյակում
Արմինֆո.  Պրոմեթեյ Բանկը զգալիորեն բարելավել է վարկային պորտֆելի որակը: Այդ մասին է վկալում բանկի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի էական կրճատումը` 4.9%-ից մինչև 1.8%, տարվա կտրվածքով 8 տեղից բարձրանալով 4 տեղը Հայաստանի բանկային համակարգում:
Ինչպես վկայում են ՙՀայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի՚ տվյալները, որոնք պատրաստվել են ԱրմԻնֆո գործակալության կողմից, 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ բանկի ժամկետանց վարկերի պորտֆելում ՙկասկածլի՚ վարկերը կազմել են 1%, ՙստանդարտ՚ և ՙվերահսկելի՚ վարկերը` 0.8%, իսկ ՙանհույս՚ վարկերը համարյա զրոյացվել են: Մասնավորապես, ՙկասկածելի՚ վարկերը հիմնականում գրանցվել են շինարարության և մասնակիորեն` սպառողական վարկավորման հատվածներում, ՙոչ ստանդարտները՚`այլ ոլորտներում, իսկ ՙվերահսկելիները՚` հիմնականում այլ ոլորտներում և սպառողական վարկերի հատվածում: Բանկի ժամկետանց վարկերը բացարձակ արտահայտությամբ տարվա կտրվածքով կրճատվել են ավելի քան 2 անգամ:
Ընդհանուր առմամբ, Բանկի վարկային պորտֆելը տարվա կտրվածքով աճել է 18%, իսկ միայն առաջին եռամսյակում` 14%, մինչև 17.2 մլրդ.դրամ`տնտեսության վարկավորման աճի շնորհիվ: Ըստ ֆինանսական հաշվետվությունների, Բանկի վարկային պորտֆելի 25.7%-ը կամ 4.4 մլրդ.դրամ տեղաբաշխված շինարարության ոլորտում, 23.6% կամ 4 մլրդ.դրամ` արդյունաբերության ոլորտում, 20% կամ 3.4 մլրդ.դրամ` առևտրի ոլորտում, 10.7% կամ 1.8 մլրդ.դրամ` սպառողական վարկավորման հատվածում, 6.5% կամ 1.1 մլրդ.դրամ` սպասարկման ոլորտում, 3.9% կամ 0.7 մլրդ.դրամ` տրանսպորտի և կապի ոլորտում, 0.4% կամ 0.06 մլրդ.դրամ` գյուղատնտեսության ոլորտում, իսկ մնացած 9.2%-ը կամ 1.5 մլրդ.դրամը`այլ ոլորտներում: Հիփոթեքի բաժինը պորտֆելում կազմել է 6.2% կամ 1.1 մլրդ.դրամ:
Ինչպես մինչ այդ ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել էր Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, բանկը պահպանողականից անցնում է բիզնսի վարման ագրեսիվ քաղաքականության, ինչը թելադրված է բանկային համակարգի կոշտ մրցակցության աճով: Այդ ուղղությամբ առաջին քայլը կանոնադրական կապիտալի մեծացումն էր, որը համալրվեց 7.2 մլրդ.դրամով, հասնելով 14.4 մլրդ.դրամի, ինչը բանկին 11 տեղից բարձրացրեց մինչև 3 տեղ: