Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 17:50
Global Finance-ը Պրոմեթեյ բանկին ճանաչել է 2011 թվականի Հայաստանի ՙԼավագույն ենթապահառու բանկ՚
Արմինֆո. Global Finance հեղինակավոր ամսագիրը Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես 2011 թվականի աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և Հայաստանի ՙԼավագույն ենթապահառու Բանկը՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Պրոմեթեյ Բանկի մամուլի ծառայությունից, հաղթող բանկերն ամսագրի կողմից որոշվել են 2011 թվականի մայիսի 16-ին:
Աղբյուրի համաձայն, որոշում կայացնելիս հաշվի են առնվել հաճախորդների հետ փոխհարաբերությունները, ծառայությունների որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի զարգացման ուղղությունները, տեղական օրենքների իմացությունը և այլ չափանիշներ: Ինչպես ասել է Global Finance ամսագրի խմբագիր պրն. Ջոզեֆ Ջիարապուտոն, ՙՄենք ընտրել ենք այն բանկերին, որոնք ողջ աշխարհում լավագույնն են ակտիվների սպասարկման և պահպանման գործում՚:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Պրոմեթեյ Բանկը 14.4 մլրդ.դրամ կանոնադրական կապիտալով 3 տեղն է զբաղեցրել Հայաստանի բանկային համակարգում, իսկ 17.8 մլրդ.դրամ ընդհանուր կապիտալով` 7 տեղը: Բանկի ակտիվները կազմել են 32.2 մլրդ.դրամ, վարկային ներդրումները` 17.2 մլրդ.դրամ: Բանկերում նոստրո-հաշիվների մնացորդը կազմել է 1.9 մլրդ.դրամ: Ակտիվների արդյունավետության-եկամտաբերության գործակցով (ROA) բանկը 0.81%-ով զբաղեցրել է 4 տեղը: