Ուրբաթ, 27 Մայիսի 2011 10:45
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ EBRD կողմից ճանաչվել է 2010 թվականի առևտրի ֆինանսավորման ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում
Արմինֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Միջազգային Առևտրի Խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է ՙ2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մամուլի ծառայությունից,
Բանկին շնորհված ՙTFP Award 2010՚ պատվավոր մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին է հանձնվել ՎԶԵԲ-ի Աստանայում կայացած 2011թ.-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:
Աղբյուրի համաձայն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային Առևտրի Խթանման ծրագիրը (TFP), 2010թ.-ին թողարկել է փաստաթղթային գործիքներ շուրջ 4 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով` հինգ անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: TFP ծրագրի շրջանակում ներդրվել է նաև նոր գործիք` Վերականգնվող վարկային պայմանագիր (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը: Այս ծրագիրը ևս հաջողությամբ է իրականացվել է, ինչի մասին վկայում է ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորման նախատեսված սահմանաչափի ավելացումը 1.5 անգամով:
Աշոտ Օսիպյանը կարևորելով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցությունը, միաժամանակ նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում, նման ձեռքբերումը նաև հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության, նոր մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունք է:
Նշենք, որ 2007 թվականից մեկնարկած այս համագործակցության շնորհիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ առևտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին առաջարկում Է փաստաթղթային ակրեդիտիվներ, երաշխիքներ և առևտրի ֆինանսավորման վարկեր: Նշենք, որ Բանկային երաշխիքների և ակրեդիտիվների հիմնական առավելությունը այն է, որ թույլ են տալիս նվազեցնել ռիսկերը միջազգային առևտրի գործընթացում, ինչպես նաև հանդիսանում են ապրանքների ներմուծման, արտահանման, կանխավճարի ապահովման և միջազգային առևտրային այլ գործարքների ֆինանսավորման էժան և հարմարավետ միջոց:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 30 մլրդ.դրամ, տարկան կտրվածքով աճելով 63%: Ընդ որում, վարկային պորտֆելի 67%-ը կազմում են տնտեսության զարգացմանն ուղղված վարկերը: Վարկերի մոտ 40%-ը կազմել են առետրի վարկերը, 2011 թվականի առաջին եռամսյակում աճելով մոտ 17%-ով: