Չորեքշաբթի, 1 Հունիսի 2011 11:06
Հայաստանի ներքին պետպարտքը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 2.8%, մինչև 185.4 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի ներքին պետական պարտքը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 2.8%, մինչև 185.373 մլրդ.դրամ (501.4 մլն. դոլար) կամ ընդհանուր պետական պարտքի (ներքին և արտաքին) 12.9%-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ներքին պետպարտքն աճել է 23%:
Աղբյուրի համաձայն, ներքին պետպարտքի կազմում պետական կարճաժամկետ պարտատոմսերի բաժինը կազմել է 23.6% կամ 43.8 մլրդ.դրամ, նվազելով հունվար-մարտ ամիսներին 14.8%: Պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի բաժինը կազմել է 47.2% կամ 87.5 մլրդ.դրամ, հունվար-մարտին աճելով 1.3% աճով: Պետական երկարաժամկետ պարտատոմսերի բաժինը կազմել է 24.8% կամ 46 մլրդ.դրամ, հունվար-մարտ ամջսներին աճելով 33.3%: Խնայողական պարտատոմսերի բաժինը ներքին պարտքի ընդհանուր ծավալներում կազմել է 0.4% կամ 0.7 մլրդ.դրամ, հունվար-մարտին աճելով 16% :
Պետական կարճաժամկետ պարտատոմսերի կազմում ամենամեծ ծավալներով գործարքներն իրականացվել են 1-40 շաբաթ մարման ժամկետ ունեցող պարտատոմսերով (32.3 մլրդ.դրամ), միջնաժամկետ պարտատոմսերի կազմում ամենամեծ ծավալներով գործարքները տեղի են ունեցել 4-5 տարի մարման ժամկետ ունեցող (47.5 մլրդ. դրամ) և 2-3 տարի մարման ժամկետ ունեցող (39.3 մլրդ.դրամ) պարտատոմսերով: Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.4% կամ 0.6 կետով, մինչև 12.3049%, իսկ 2011 թվականի մարտին, փետրվարի համեմատ կրճատվել 0.5 կետով: