Ուրբաթ, 27 Մայիսի 2011 17:40
Ամերիաբանկը շուկա է դուրս բերում նոր պրոդուկտ` ներդրումային վարկ ֆիզիկական անձանց համար
Արմինֆո. Ամերիավաբկը ֆիզիկական անձանց առաջարկվում է ներդրումային վարկ, ներդրումներ կատարելու կամ բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ներդրումային վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ձեռք բերել մասնակցություն` բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գնման կամ դրանց նոր թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով:
Աղբյուրի համաձայն, վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է նաև ՀՀ տարածքում գործող բիզնեսներում ընդգրկվելու նպատակով` սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերման և դրանք բիզնեսում ներգրավվելու միջոցով կամ նոր բիզնես նախաձեռնելու համար: Ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրումային վարկն ունի առավելություններ` տոկոսադրույքները մատչելի են, հնարավորություն է ստեղծվում բազմատեսակ գրավով ապահովվածության համար:
Ներդրումային վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, գումարի նվազագույն և առավելագույն չափ չի սահմանվում:
Ամերիաբանկի ներդրումային վարկը լայն հնարավորություններ կստեղծի ֆիզիկական անձանց ներդրումային գործունեության և բիզնեսի ծավալման համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ամերիաբանկը հիմնական ցուցանիշներով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը`այդ թվում, 25.5 մլրդ.դրամ կանոնադրական կապիտալով` առաջին տեղ, 32.7 մլրդ.դրամ ընդհանուր կապիտալով`երկրորդ տեղ, 160.5 մլրդ.դրամ ակտիվներով` 2 տեղ, 111.7 մլրդ.դրամ վարկային պորտֆելով` 2 տեղ, 12.1 մլրդ.դրամ պետպարտտմսերում ներդրումների ծավալներով` 3 տեղ: Բանկի վարկային պորտֆելում տնտեսության վարկավորման բաժինը կազմում է 80% կամ 89 մլրդ.դրամ`1 տեղ, որտեղ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը կազմել է 14% կամ 15.3 մլրդ.դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն առաջին եռամսյակում աճել է 10%, իսկ տարվա կտրվածքով` 65%:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: