Երեքշաբթի, 7 Հունիսի 2011 17:17
HSBC Բանկ Հայաստանը 15 տարեկան է. 90-ականների կեսերին HSBC մուտքը հայաստանյան երկրի ապագայի նկատմամբ վստահություն հաղորդեց բոլորին և ներգրավեց այլ ներդրողներին դեպի Հայաստան
Արմինֆո. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջին միջազգային բանկն է, որը բացվել է Հայաստանում 1996 թվականի գարնանը: Մայիսի վերջին շաբաթը նշանավորվեց Հայաստանի պատմամշակութային կոթող` Զվարթնոց տաճարում Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի տասնհինգամյակի տոնակատարությամբ, որին մասնակցել են Հայաստանի Վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանը, կառավարության և Կենտրոնական բանկի անդամներ, բանկի հաճախորդներ, ինչպես նաև Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բարձրաստիճան ղեկավարներ և հայաստանյան բանկի աշխատողներ:
Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դժվար է գերագնահատել 90-ականների կեսերին Հայաստանյան շուկա մտնելու Էյչ-Էս-Բի-Սի-ի համարձակ և կարևոր քայլը, որը, ըստ նրա, երկրի ապագայի նկատմամբ վստահություն հաղորդեց բոլորին եւ ներգրավեց այլ ներդրողներին Հայաստան: ՙՀայաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները Հայաստանում իրենց զգան բարենպաստ միջավայրում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակի բարգավաճել` ի շահ հայ ժողովրդի և իր բաժնետերերի՚, ավելացրել է Վարչապետը:
Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Բոյլզի խոսքով, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը վառ օրինակն է նրա, թե ինչպես կարելի է բնական ճանապարհով և շատ կարճ ժամանակահատվածում կայուն եւ ամուր բիզնես կառուցել: ՙՀավաստիացնում եմ Հայաստանի կառավարությանն ու Կենտրոնական Բանկին, ինչպես նաև մեր հաճախորդներին, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն կշարունակի հավատարիմ մնալ Հայաստանին: Մեր նոր նախաձեռնություններից ու նպատակներից մեկը` ողջ աշխարհի հայությանը Էյչ-Էս-Բի-Սի-ի հայաստանյան բիզնեսին կապելն է՚:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 87 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միակ բանկն է, որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել: