Չորեքշաբթի, 8 Հունիսի 2011 10:39
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 8.5 տոկոս
Արմինֆո. 2011 թ. հունիսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մայիսին արձանագրվել է 0.04% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճն ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 9.0%:
Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են` կայունանալով նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:
Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել. աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները չեզոքացվում են մասնավոր ծախսումների դանդաղ աճով և հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթով:
Միևնույն ժամանակ, ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ տեղական արտադրության գյուղմթերքների արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում:
Խորհուրդը գնահատում է, որ գնաճային միջավայրի ընդլայնման հավանականությունը բավականին ցածր է և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջոցով հնարավոր է առկա գնաճային միջավայրի զսպումը, ինչի արդյունքում կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճը կձևավորվի 4%՞1.5 տատանումների թույլատրելի միջակայքում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7%-ից 7.25% բարձրացրել է 2010 թվականի մայիսի 11-ին, այդ մակարդակում պահպանելով մինչև 2011 թվականի փոտրվարի 8-ը, երբ այն բարձրացվեց մինչև 7.75%, այնուհետև, մարտի 4-ին`մինչև 8.25%, իսկ ապրիլի 12-ին` մինչև 8.5%, ինչը և պահպանվել է մինչև օրս: