Երեքշաբթի, 7 Հունիսի 2011 16:21
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն սկսում է չիպային քարտերի թողարկումը
Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մինչև ընթացիկ տարվա ավարտը ձեռնամուխ կլինի չիպային քարտերի թողարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, բանկը սպասարկում է 25 հազար ակտիվ քարտեր և տարեվերջին նախատեսում է թողարկված քարտերի քանակն ավելացնել 30%-ով: Ներկայումս բանկը գտնվում է Visa International և MasterCard համակարգերի հետ սերտիֆիկացիայի փուլում:
ՙՉիպային քարտերն անվտանգության առումով հանդիսանում են ժամանակի պահանջ: Վերջին ժամանակներում Հայաստանում քարտային բիզնեսը զգալիորեն զարգացել է և անկանխիկ վճարումները պարտադիր են դառնում Հայաստանի բնակչության համար: Անկանխիկին անցնելու վերաբերյալ Կառավարության որոշումը համարում եմ ճշմարիտ, այդ թվում նաև պլաստիկ քարտերով կենսաթոշակային վճարների իրականացման գծով՚,-նշել է Ռ.Խաչատրյանը:
2010 թվականին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ տրանսակցիաների ծավալը տարվա կտրվածքով աճել է 100%, կազմելով 40 մլրդ.դրամ, իսկ բանկոմատով գործառնությունների ծավալը` 50%: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկոմատներով իրականացված տրանսակցիաների ընդհանուր ծավալը կազմել է 4.8 մլրդ.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8 մլրդ.դրամի փոխարեն: Ընդ որում, առաջին եռամսյակում քարտերով տրանսակցիաների ծավալը կազմել է 9.3 մլրդ.դրամ, նախորդ տարվա 7.96 մլրդ.դրամի փոխարեն: Առաջին եռամսյակում 24-25% ավելացել է բանկի կողմից թողարկված և ակտիվ օգտագործվող քարտերի քանակը: