Երեքշաբթի, 28 Հունիսի 2011 12:55
Moody’s գործակալությունը հաստատել է Յունիբանկի միջազգային վարկանիշը
Արմինֆո: 2011թ.-ի հունիսի 14-ին Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Յունիբանկի ֆինանսական կայունության E+, արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ և NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն ՙԿայուն՚ կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան բանկային շուկայում Յունիբանկի կայուն զարգացման հեռանկարների մասին:
Moody's Investors Service գործակալությունը դրական է գնահատել մանրածախ բանկային շուկայում Յունիբանկի դիրքերը: Գործակալության վերլուծաբանների կարծիքով, ժամկետային ավանդների և դրամական փոխանցումների շուկաներում Յունիբանկի առաջատար դիրքերը բանկին լրացուցիչ հնարավորություն են ընձեռում մանրածախ հատվածում ծառայությունների խաչաձեւ վաճառքի ծավալների մեծացման համար: Հիշեցնենք, որ առաջին անգամ Յունիբանկին միջազգային վարկանիշ է շնորհվել 2010թ.-ի հունիսին:
2010թ.-ի արդյունքներով Յունիբանկի դիրքերը ՀՀ բանկային համակարգում հետեւյալն են` ակտիվներ` 7-րդ տեղը, վարկեր արդյունաբերությանը` 3-րդ տեղը, սպառողական վարկեր` 1 տեղը, հիփոթեքային վարկեր` 2-րդ տեղը, պարտավորություններ` 5 տեղը, ժամկետային ավանդներ` 1 տեղը, դրամական փոխանցումներ` 1 տեղը: Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 37 մասնաճյուղ, 4 պրոմո-կետ և ներկայացուցչություն Մոսկվայում, ՌԴ:
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած Հայաստանի առևտրային բանկերի ռենքինգի տվյալներով, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Յունիբանկի պարտավորությունները կազմել են 96 մլրդ դրամ` գրեթե 5 տոկոս տարեկան աճով: Դրանց կառույցում ցպահանջ պարտավորությունների բաժինը կազմել է 14,3 տոկոս կամ 13.7 մլրդ դրամ (10 տոկոս եռամսյակային աճ), որոնց մեծ մասը (76 տոկոս) իրավաբանական անձանց հաշիվներ են (19,5 տոկոս եռամսյակային աճ): Դրա շնորհիվ Յունիբանկն ամրապնդվել է առաջատարների եռյակում ըստ ֆինանսական միջոցների կայունության գործակցի` այն ապահովելով 19,8 տոկոսի մակարդակում: