Չորեքշաբթի, 29 Հունիսի 2011 12:36
Շանհայի HSBC համաժողովում Հայաստանը ներկայացնում է ՙԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ՚ ընկերությունը
Արմինֆո: HSBC խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Չինաստանի Շանհայ քաղաքում երկուշաբթի մեկնարկել է ՙԱռևտրի փոխանակում՚ համաժողովը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, HSBC խումբը Չինաստան է հրավիրել եվրոպական ավելի քան 30 առաջատար ընկերությունների. Եվրոպայի և Չինաստանի բիզնեսների ներկայացուցիչները հավաքվել են ուսումնասիրելու արդեն իսկ գոյություն ունեցող առևտրի հսկայական ներուժը Չինաստանում, ինչպես նաեւ կքննարկեն, թե ինչպես կարող են Եվրոպական ընկերություները վերանայել իրենց բիզնես ծրագրերը գլոբալ համատեքստում:
ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ հաճախորդ ՙԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ՚ (ՙԻդեալ համակարգ՚-ի շինանյութի խանութ-սրահների ցանց) ընկերության նախագահ Նորայր Խաչատրյանը ներկայացնում է Հայաստանը Շանհայում` ՙԱռևտրի փոխանակում՚ համաժողովում: ՙԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ՚-ը ընտրվել է HSBC խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Չինաստանի հետ առևտուրը ընդլայնելու ներուժ ունեցող ընկերություն:
Քառօրյա այս նախաձեռնության ընթացքում Չինաստանի հետ լուրջ առևտրային կապեր ստեղծել ցանկացող կամ արդեն իսկ առևտուր անող և ընդլայնվելու ուղիներ փնտրող ընկերությունների համար կազմակերպվելու է տեղեկատվության փոխանակում, խորհրդատվություն և ուղղորդող շնորհանդեսներ լավագույն բիզնես փորձագետների և HSBC բանկի մասնագետների կողմից:
ՙԱռևտրի փոխանակում՚-ը համախմբելու է լավագույն բիզնես մտածելակերպ ունեցող գործարարներին և ձեռնարկատերերին` օգնելու եվրոպական ընկերություններին հասկանալ, թե ինչպես է փոխվում աշխարհը և որքանով է դա շահեկան:
ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ ստեղծել է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդների համար` խթանելով Հայաստանի ընկերություններին անցում կատարել դեպի ավելի գլոբալ աշխարհայացք և դուրս գալ իրենց տեղական շուկայի սահմաններից՚, - այս առթիվ նշել է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը
ՙԷյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ բիզնես հաճախորդների շրջանում 2010 թվականանին անցկացված հարցումը վկայում է, որ ընկերությունների 51 տոկոսի համար հիմնական առևտրային գործընկերը հենց Չինաստանն է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին տարիներին հայ—չինական առեւտրատնտեսական հարաբերությունները էականորեն բարելավվել են: Միայն 2010 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ կես միլիարդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 44.4 տոկոս: Ընդհանուր առմամբ, անցած երեք տարիների ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրային շրջանառությունը կրկնապատկվել է: