Ուրբաթ, 1 Հուլիսի 2011 17:55
Անելիք Բանկի վարկային պորտֆելը հասել է 35.3 մլրդ.դրամի
Արմինֆո: Անելիք Բանկի վարկային պորտֆելը 2011 թվականի 5 ամիսների ընթացքում աճել է գրեթե 5.8 մլրդ. դրամով` հասնելով 35.3 մլրդ. դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, աճը 2011 թվականի նշված ժամանակահատվածում կազմել է մոտ 20 %, ընդ որում միայն ապրիլ-մայիս ամսվա արդյունքներով գրանցվել է վարկային պորտֆելի գրեթե 1մլրդ. դրամի աճ:
ՙՆշված աճը պայմանավորված է Բանկի կողմից շարունակական իրականացվող բիզնես և, վերսկսված, տարատեսակ սպառողական վարկերի տրամադրումով: Բանկը կրկին տրամադրում է ֆիզիկական անձանց համար նախատեսված վարկային պրոդուկտների ամբողջական սպեկտր` ավտովարկեր, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկեր, հիփոթեքային, ուսանողական և այլ տիպի սպառողական վարկեր՚,- նշել է Անելիք Բանկի Վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքերով, որպես սպառողական վարկերի տարատեսակ Բանկի համար նոր էր ուսանողական վարկերի տրամադրումը, ինչը Բանկը սկսեց իրականացնել 2010 թվականի ավարտին: Հիմա արդեն նշված վարկատեսակի տրամադրումով Բանկը զբաղեցնում է իր ուրույն տեղը բանկային համակարգում, ինչին իհարկե նպաստեց 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին Բանկի կողմից իրականացված ուսանողական վարկատեսակի գովազդային արշավը: Այս բանկային պրոդուկտը մենք շատ ենք կարևորում, քանի որ այն, ըստ էության, միտված է ապագային,-նշել է նա:
Միաժամանակ, նրա խոսքերով, Բանկն իհարկե չի նվազեցնում բիզնեսի վարկավորումը` վարկային պորտֆելի աճի զգալի մասը պայմանավորված է հենց տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված վարկերի ծավալների մեծացմամբ: Անելիք Բանկը նախատեսում է 2011 թվականին 11 մլրդ. դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը` հասցնելով այն 41 մլրդ. դրամի: Անցած ամիսների տեմպը պահպանելու դեպքում, մինչև 2011 թվականի ավարտը, նախատեսված նշաձողին մենք կհասնենք,նշել է Անելիք Բանկի Վարկավորման վարչության պետը: