Ուրբաթ, 1 Հուլիսի 2011 19:07

2011 թվականի առաջին կիսամյակում Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների հաճախորդների թիվն ավելացել է 47%


Արմինֆո: 2011 թվականի առաջին կիսամյակում Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների հաճախորդների թիվն ավելացել է 47%:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով իսկ ընթացիկ տարվա II եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալի աճը կազմել է 47 %: Ընդ որում, ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների ծավալը ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով, իսկ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատությամբ այդ ծավալն աճել է 48 %:

Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկը, սկսած 2010թ. նոյեմբեր ամսից, ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ /առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում/, համաձայն որի Բանկը ձեռք բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը: Փաստենք, որ այդ ընկերությունների ցանկը շարունակ համալրվում է:

Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալն ընթացիկ տարում սկսել է աճել մեծ տեմպերով, այսպես` եթե տարվա սկզբին ֆակտորինգային գործարքների ընդամենը 6%-ն էր բաժին ընկնում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին, ապա ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով այն հասնում է 34%-ի: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը I եռամսակի համեմատ աճել է 11 անգամ:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` առաջարկելով յուրաքանչյուր հաճախորդին անհատական ֆակտորինգային համագործակցության սխեմա: