Ուրբաթ, 8 Հուլիսի 2011 20:37
IFC-ն առաջին անգամ ներկայացնում է ռիսկերի կառավարման սերտիֆիկացման ծրագիր` Հայաստանում ֆինանսական հատվածը բարելավելու նպատակով
Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) աջակցում է Հայաստանի ֆինանսական հատվածի բարելավմանը` առաջարկելով ռիսկերի կառավարման կրթական և սերտիֆիկացման ծրագիր, որը հնարավորություն կընձեռի ֆինանսական ոլորտի աշխատակիցներին բարձրացնելու ռիսկերի կառավարման հմտությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է կազմակերպության մամուլի ծառայությունից, IFC-ն համագործակցության պայմանագրեր է ստորագրել “Այ Էյ Բի Սենթր” հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի և Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի հետ` բանկային ռիսկերի կառավարման սերտիֆիկացման ծրագիրը Հայաստանում համատեղ իրականացնելու նպատակով: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասընթացներ ֆինանսական ոլորտի աշխատակիցների համար` ռիսկերի կառավարման մեթոդաբանության, բանկերում ռիսկերի կառավարման կառուցվացքի, ինչպես նաև ընդունված միջազգային չափանիշների վերաբերյալ, որոնք կաջակցեն բանկային ոլորտի աշխատակիցներին բացահայտել և ավելի արդյունավետ կառավարել ֆինանսական ռիսկերը:
Ծրագիրը իրականացվում է GARP-ի (Global Association of Risk Professionals) հետ համատեղ, որը հանդիսանում է ֆինանսական ռիսկերի թեստավորում, սերտիֆիկացում, ինչպես նաև կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնող առաջատար կազմակերպություն:
ՙՍա ռիսկերի կառավարման առաջին ծրագիրն է Հայաստանում, որը մշակվել է GARP-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ՚, ասաց IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: ՙՄենք ողջունում ենք Հայաստանում մեր գործընկերների հետ համագործակցելու հնարավորությունը և հույս ունենք, որ ծրագրի իրականացման արդյունքում կամրապնդվեն բանկերի եւ ֆինանսական հաստատությունների կարողությունները ` դիմակայելու ապագայի տնտեսական տատանումներին՚:
Ծրագրի առաջին փուլում դասընթացներին կմասնակցեն “Այ Էյ Բի Սենթր” հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի և Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի դասընթացաավարները, իսկ ծրագրի երկրորդ փուլում` նրանք դասընթացներ կկազմակերպեն բանկերի և ֆինանսական հաստատությունների աշխատակիցների համար: Դասընթացները կազմակերպվում են IFC-ի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող Ֆինանսական հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է 2009թ-ից Ավստրիայի զարգացման բանկի հետ համագործակցության շնորհիվ:
Նշենք, որ Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995 թվականին և առ այսօր 110 մնլ ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 24 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային կանոնակարգման դաշտի պարցեցմանը: