Երկուշաբթի, 11 Հուլիսի 2011 17:22
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններն այսուհետ հնարավոր է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկում
Արմինֆո. ՀՀ Կառավարության 31.03.2011թ. Ն-350 որոշման համաձայն սահմանվել է է ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր գործընթաց: Համաձայն նոր կարգի ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց վճարումներն այսուհետև կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկում և տեղում ստանալ տեխնիկական զննության կտրոնը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, տրանսպորտային միջոցների սեփականատերերը տեխնիկական զննության հետ կապված վճարումներ կատարելիս պետք է առաջնորդվեն հետևյալ կարգով` սեփականատերը (կամ սեփականատիրոջ ներկայացուցիչը) այցելելով մեքենայի մշտական հաշվառման վայրի տեղական ինքնակառավարման մարմին /թաղապետարան, գյուղապետարան և այլն/` ստանում է տվյալ տրանսպորտային միջոցի գծով գույքահարկի պարտքի չափի մասին համապատասխան տեղեկանք; այնուհետև, ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայացնելով` գույքահարկի չափի մասին տեղեկանքը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, վճարողի անձնագիրը իրականացնում է տեխնիկական զննության հետևյալ վճարումները, այդ թվում` պետական տուրքը – ֆիքսված 2.500 ՀՀ դրամ, տեխ. զննություն անցնելու ծառայության վճարը – ֆիքսված 5.500 ՀՀ դրամ, բնապահպանության վճարը – կախված մեքենայի տվյալներից, գույքահարկը – կախված մեքենայի տվյալներից։
Ի դեպ, վճարման պահին Բանկը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (կամ սեփականատիրոջ ներկայացուցչին) տրամադրում է տեխնիկական զննության կտրոնը` բաղկացած 2 մասերից, որոնցից մեկը քաղաքացին պետք է փակցնի մեքենայի դիմապակուն, իսկ երկրորդ մասը` ներկայացնի տեխնիկական զննության կայան` տեխնիկական զննություն անցնելու նպատակով։
Տեխնիկական զննության վճարների կատարման և կտրոնների ստացման գործընթացը Բանկում տևում է ընդամենը 5-10 րոպե։
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: