Երեքշաբթի, 12 Հուլիսի 2011 10:36
Երևանում իր աշխատանքներն է սկսել Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբը
Արմինֆո. Երևանում իր աշխատանքներն է սկսել Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբը` Էգմոնտ խմբի կոմիտեի նիստի գումարմամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, Նիստի ընթացքում Էգմոնտ խմբին անդամակցող շուրջ 30 երկրների միջև ստորագրվելու են ֆինանսական հետախուզության մարմինների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆիանանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ 50-ից ավել փոխըմբռնման հուշագրեր:
ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Էգմոնտ խմբի լիարժեք անդամի կարգավիճակ է ձեռք բերել 2007 թ. մայիսի 29-ին:
Էգմոնտ խումբը յուրաքանչյուր տարի գումարում է մեկ լիագումար նիստ, ինչպես նաև աշխատանքային խմբերի մեկ հանդիպում:
Էգմոնտ խումբը (www.egmontgroup.org) ստեղծվել է 1995 թ-ին` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար: Էգմոնտ խմբի հիմնական դերը այդ կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է: Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:
2008 թ. մայիսին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայացած Էգմոնտ խմբի լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի պատվիրակության առաջարկով որոշվել է Էգմոնտ խմբի 2011 թ. 19-րդ լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:
Լիագումար նիստին մասնակցում են անդամ երկրներից 102 երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՖԱԹՖ և այլն) շուրջ 290 ներկայացուցիչներ: