Հինգշաբթի, 14 Հուլիսի 2011 16:02
ՀՀ ԿԲ նախագահ. Փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարը կբարձրացնի երկրի ռեյտինգը
Արմինֆո. Փողերի լվացման դեմ պայքարի արդյունքում Հայաստանի պետբյուջեի օգտին 2010 թվականին բռնագանձվել է մոտ 500 մլն.դրամ, և նույնքան գումար էլ ուղղվել է վնասների փոխհատուցմանը: Այս մասին Երևանում տեղի ունեցող ՙԷգմոնտ՚ ֆինանսական հետախուզության միջազգային խմբի 19-րդ լիակազմ նիստում լրագրողներին տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
Նրա խոսքերով, նախորդ տարում Կենտրոնը իրավապահ մարմինների հետ փոխանակել է ավելի քան 50 տվյալներ: Բացի այդ, 2010 թվականին փողերի լվացման մեղադրանքներով հարուցվել է մոտ 10 քրեական գործ և ընդունվել 2 դատական վճիռ: Դ. Ազատյանի խոսքերով, 2010 թվականին օտարերկրյան ֆինանսական հետախուզություններից կենտրոնն ստացել է մոտ 80 հարցում, և միևնույն քանակի հարցումներ էլ ինքն է ուղարկել իր արտասահմանցի գործընկերներին:
Իր կողմից, ՀՀ Կենտրնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ելույթ ունենալով նիստի բացման ժամանակ, հայտարարել է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ արդյունավետ պայքարը կբերի Հայստանի ռեյտինգի բարձրացմանն ու միջազգային գործընկերների վստահությանը: Նրա խոսքերով, Հայաստանը մեծ տեղ է հատկացնում փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարին, նման կառույցների զարգացմանը երկրում, ինչպես նաև միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը: Ա.Ջավադյանը նշել է, որ Հայաստանում, ՀՀ նախագահի հրամանագրով գործում է միջգերատեսչական մի կառույց, որտեղ ընդգրկված են փողերի լվացման դեմ պայքարի բոլոր մարմինները, այդ թվում, Գլխավոր դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ԱԳՆ, ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը, Վճռաբեկ դատարանը, ԿԲ, ինչպես նաև նապագահի աշխատակազմը: