Հինգշաբթի, 21 Հուլիսի 2011 13:40
Հայաստանում արտարժույթով վարկավորման ծավալները շարունակում են բավականին բարձր մնալ
Արմինֆո: Չնայած ԿԲ իրականացրած դրամավարկային քաղաքականությանը ֆինանսական շուկայի համապատասխան արձագանքին, պահպանվել է վարկավորման աճը, որը վերջին 12 ամիսներին կազմել է ավելի, քան 38%: Ընդ որում, ի տարբերություն նախորդ ամիսների, հիմնականում գյուղատնտեսության ճյուղին տրամադրված վարկերի հաշվին, կտրուկ ավելացել է դրամով վարկավորումը: Այդուհանդերձ, արտարժույթով վարկավորման ծավալները շարունակում են բավականին բարձր լինել. նախորդ 12-ամսյա ժամանակահատվածում դրամով վարկավորումն ավելացել է 23.5%-ով, իսկ արտարժությով վարկավորումը` 50.3%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 49.9%-ով): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, չնայած առևտրային բանկերի ակտիվային գործառնություններում գերակշռել է արտարժույթը, պարտավորությունների մասում շարունակվում է ապադոլարայնացման գործընթացը. դրամային ավանդներն ավելացել են 48.8%-ով, արտարժութային ավանդները` 18.2%-ով, ինչը հանգեցրել է դոլարայնացման մակարդակի 4%-ով նվազման:
Ամփոփելով արտաքին աշխարհի բնութագիրը` 2011 թվականի հուլիսի 12-ի նիստում ԿԲ խորհուդն արձանագրել է, որ գնաճային միջավայրի ձևավորման առումով տնտեսության արտաքին հատվածից էական ազդակներ չկան. 2011 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է գների հարաբերական կայունություն, ինչպես նաև առաջիկա ամիսներին գնաճային ճնշումների ի հայտ գալու հավանականությունը գնահատվում է շատ փոքր:
Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումները ևս գնաճային միջավայր չեն ձևավորում. աշխատանքի շուկայի և մասնավոր ծախսումների ազդեցությունը չեզոք է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Միաժամանակ, տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացումը, որի ներքո վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25 տոկոսային կետով բարձրացմանը դրամային շուկան արձագանքեց տոկոսադրույքների ավելի բարձր աճով, ևս շարունակում է նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը: Ավելին, առաջիկա երկու ամիսներին սպասվում է գյուղմթերքների գների նվազմամբ պայմանավորված գնանկումային միջավայրի պահպանում:
Խորհուրդն ամփոփել է, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների ներկա զարգացումները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանները թույլ են տալիս վերահաստատել, որ ծրագրում նախանշված ռիսկերի հաշվեկշռված դրսևորման պարագայում կանխատեսվող հորիզոնում մեծ հավանականությամբ գնաճը կձևավորվի 4% ՞1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս իրավիճակում քննարկվեցին տոկոսադրույքն անփոփոխ թողնելու և նվազեցնելու տարբերակները:
Խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 8.5% մակարդակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.5% և 5.5% մակարդակներ: