Երկուշաբթի, 18 Հուլիսի 2011 18:55
Տուրապահովագրությունը Հայաստանում գնում են ճանապարհորդողների 70-80 տոկոսը
Արմինֆո. ՙՏուրիստական ապահովագրությունը Հայաստանում գնում են ճանապարհորդողների 70-80-ը՚,-այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության փոխտնօրեն Արևշատ Մեյիքսեթյանը: Նա ընդգծել է, որ այսօր ապահովադիրներն ավելի գիտակցորեն են վերաբերվում տուրիստական ապահովագրությանը, հասկանալով, որ դա իրական պաշտպանություն է հնարավոր կորուստներից և ՙապահովագրվում են անգամ Մոսկվա մեկնելիս՚,-նշել է նա:
Ա.Մելիքսեթյանը հիշեցրել է, որ Շենգենյան գոտու երկրները վիզա տրամադրելիս օտարերկրյացիներից պարտադիր կերպով պահանջում են տուրիստական ապահովագրություն: Շենգենյան երկրներ մեկնող քաղաքացիների համար տուրիստական ապահովագրության արժեքը կազմում է օրական 450 դրամ, 30 հազ.եվրո ապահովագրական ծածկույթով: Թուրքիայում հանգստացողների համար այդ գումարը կազմում է 350 դրամ, իսկ Ամերիկա մեկնողների համար` 500 դրամ: Եվրոպացիներն ու ամերիկացիները, Մելիքեթյանի խոսքերվ, ապահովագրության համար ավելի թանկ են վճարում: Թանկ է նստում նաև բուժումն արտասահմանում: Ամերիկայում, օրինակ, հիվանդանոցի վճարն օրական կազմում է 2 հազ.դոլար, իսկ մեկ ներարկուման արժեքը կազմում է 900 դոլար:
Ա.Մելիքսեթյանը պարզաբանել է, որ տուրիստական ապահովագրության շրջանակներում ապահովագրական պատահարներ են համարվում անսպասելի հիվանդությունները, դժբախտ պատահարները, ինչպես նաև ապահովագրվողի մահը: Ապահովագրական պոլիսն ընդգրկում է հետևյալ ծախսերը` բժշկական ծախսերի ապահովագրությունը, արտասահման մուտք գործելիս գույքի ապահովագրությունը և պատասխանատվության ապահովագրությունը: Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատւցում վճարելու իր պարտավորությունից ռազմական գործողությունների, քաղաքացիական պատերազմների, ժողովրդական հուզումների, գործադուլների, միջուկային պայթյունի դեպքերում:
Ըստ Հայաստանի ապահվագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայկական ապահովագրական ընկերությունների միագումար ապահովագրական պորտֆելում տուրիստական ապահովագրության բաժինը կազմում է 4%: Ընդ որում, այս հատվածում առաջատարը ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունն է, որի բաժինը տուրիստական ապահովագրության միագումար պրեմիաների մեջ կազմում է 42%: