Հինգշաբթի, 21 Հուլիսի 2011 18:29
Անելիք Բանկն ապահովել է ֆիզանձանց ավանդների պորտֆելի 67% տարկան աճ
Արմինֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն 2011 թվականի 1-ին 6 ամիսների ընթացքում գրանցել է զգալի աճ բանկային գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, Անելիք Բանկի ակտիվները 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 63,25 մլրդ. դրամ, աճը նախորդ տարվա հունիսի 30-ի համեմատ կազմել է 26%:
2011 թվականի առաջին 6 ամիսներին ակտիվների աճը կազմել է ավելի քան 3,5 մլրդ դրամ, 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1,46 մլրդ. դրամի փոխարեն:
Անելիք Բանկի վարկային պորտֆելը 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 35.4 մլրդ. դրամ, որը 2010 թվականի հունիսի 30-ի համեմատ աճել է 35%-ով: 2011 թվականի 1-ին կիսամյակում վարկային պորտֆելն աճել է 5,7 մլրդ դրամով, 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1,6 մլրդ. դրամի փոխարեն: 27%-ով աճ է արձանագրվել նաև ընդհանուր ավանդային պորտֆելում, որը ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում 12 մլրդ.-ից հասել է 15,2 մլրդ դրամի:
Զգալի աճ է գրանցվել նաև ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների գծով, եթե 2010 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել էր 1,1 մլրդ. դրամով, ապա 2011 թվականի 1-ին կիսամյակում առկա է գրեթե 3 մլրդ դրամի աճ: 2010 թվականի հունիսի 30-ի համեմատ ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ աճել է ավելի քան 67 %-ով` 8,5 մլրդ դրամից հասնելով 14,2 մլրդ դրամի: