Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2011 13:01
IFC-ը 2011 թվականին կրկնապատկել է ներդրումների ծավալը Հայաաստանում
Արմինֆո: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ըստ ֆինանսական տարվա ավարտի տվյալների` հունիսի 30-ին մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել է Հայաստանին: Վերջինս IFC-ի կողմից երբևէ արձանագրված ամենալայնածավալ աջակցությունն է Հայաստանին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են IFC Երևանի ներկայացուցչությունում:
IFC-ը ներդրումներ է իրականացրել 11 ծրագրերում, որոնք նպատակաուղղված են ձեռնարկություններին հասանելի ֆինանսավորման վերականգնմանն և ընդլայնմանը:
Հայաստանում IFC-ի ներդրումային պորտֆելը կազմում է մոտ 102 մլն ԱՄՆ դոլար վարկավորում և կապիտալ ներդրումներ` ֆինանսական շուկաներում, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: Վերջին ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն զգալիորեն ավելացրել է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումը, բանկերին տրամադրելով վարկային գծեր, այդ թվում ագրոբիզնեսի ոլորտում գործող ձեռնարկություններին:
ՙՆախորդ ֆինանսական տարում իրականացված IFC-ի ռեկորդային ներդրումային ծավալից հետո մենք գրեթե կրկնապատկել ենք մեր ծրագրերի ծավալը 2011 ֆինանսական տարում` ստեղծելով զարգացման հնարավորություններ մասնավոր հատվածի տարբեր ոլորտներում՚, - ասել է IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: ՙՄենք մշտապես փնտրում ենք նոր ներդրումային հնարավորություններ ֆինանսական և իրական հատվածում, և ակնկալում տրամադրել նպատակային խորհրդատվություն` նպաստելու Հայաստանում տնտեսական աճին և զբաղվածության բարձրացմանը՚, - հավելել է նա:
IFC-ի ռազմավարությունը Հայաստանում կազմում է երկրում Համաշխարհային բանկի խմբի համատեղ գործընկերության ռազմավարության իրականացման մի մասը և համապատասխանում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում IFC-ի տարածաշրջանային առաջնահերթություններին, որոնք ներառում են ավելի շատ օժանդակության ցուցաբերում տարածաշրջանի աղքատ և խոցելի խավերին, աշխատատեղերի ստեղծում, ենթակառուցվածքների առավել մատչելիության բարձրացում, աջակցություն գյուղատնտեսական զարգացմանը, և պայքար կլիմայի փոփոխության դեմ:
Հայաստանը դարձել է IFC-ի անդամ 1995 թվականին: Առ այսօր 147 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 28 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: