Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2011 16:36
2011 թվականի առաջին կիսամյակում Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 19 տոկոսով
Արմինֆո. Ամերիաբանկի ժամկետային ավանդները 2011թ. առաջին կիսամյակում աճել են ավելի քան 11%-ով, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 19%-ով և 30.06.11թ. դրությամբ կազմել ավելի քան 31 մլրդ դրամ` բանկի ամբողջ ժամկետային ավանդների 65%-ը: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է 71%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ընթացիկ տարում բանկը շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց առաջարկվող ավանդների տեսականին: Դեռևս փետրվար ամսին հանրությանն առաջարկվեց ժամկետային ավանդի նոր տեսակ` ՙՈսկու կառուցվածքային՚ ավանդը, որը ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` եկամուտ, որը ստացվում է միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացումից` առանց ներդրված գումարը կորցնելու ռիսկի և ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից:
Երկրորդ կիսամյակում ևս Ամերիաբանկը հանդես կգա ֆիզիկական անձանց համար նոր, հետաքրքիր առաջարկներով: Ըստ բանկի տվյալների, ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 20%-ով և կազմել շուրջ 28 հազար:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի մաժորիտար բաժնետերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ ընկերության հետ փոխկապակցված TDA Holdings Limited ընկերությունը, 99.99% մասնակցությամբ: