Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2011 16:23
Հայաստանում կտրուկ աճել է ոսկյա ձուլակտորների պահանջարկը, գտնում է փորձագետը
Արմինֆո. Հայաստանում տարբեր չափերի ոսկյա ձուլակտորների ամսական պահանջարկը դեռևս տարեսկզբին գնահատվում էր 4-6 մլն.դոլար, սակայն հուլիսից այն կտրուկ աճեց: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արարատբանկի Վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը:
ՙՊահանջարկի աճը պայմանավորված է համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակով, այդ թվում, հումքային շուկաներում ոսկու թանկացումով, ինչպես նաև ԱՄՆ ռեյտինգի անկումով: Հետևելով այս ամենին, ներդրողները գերադասում են ոսկու վերածել ավելի ռիսկային ակտիվները, այդ թվում նաև բաժնետոմսերն ու արժույթը՚,-գտնում է փորձագետը: Դ.Հարությունյանի կարծիքով, ոսկու թանկացման պահպանվող միտումները ձևավորում են առաջարկի աճի հետագա սպասումները: Այսպիսով, ոսկու մեջ ներդնելը դեռ երկար ժամանակ կլինին գրավիչ:
Նրա պնդմամբ, ձգտելով անվտանգ դարձնել իրենց խնայողությունները, ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց փողերն ուղղում համաշխարհային ՙպահուստային արժույթին՚ կամ ՙդեղին սատանային՚, որը հատկապես պահանջված է լինում անհանգիստ ժամանակաշրջաններում: Ինչպես գտնում է Դ.Հարությունյանը, այսօր Հայաստանի մասնավոր ներդրողները գերադասում են գնել 20-50 գրամանոց ոչ մեծ ձուլակտորներ, որոնք Արարատբանկը նույնպես սկսել է առաջարկել 2010 թվականի դեկտեմբերից, ներմուծելով դրանք եվրոպական երկրներից: Նա հիշեցրել է, որ բանկը Հայաստանի ոսկյա ձուլակտորների շուկայում աշխատում է 2006-2007 թվականներից: ՙԱյն ժամանակ մեր բանկն առաջարկում էր միայն մեծ չափերի` մինչև 12.5 կգ, ձուլակտորներ: Սակայն, ԱԱՀ օրենքի փոփոխություններից հետո բանկերն սկսեցին առաջարկել նաև ավելի փոքր չափերի ձուլակտորներ՚,-նշել է նա: Ոսկյա ձուլակտորների ամենօրյա գներն Արարատբանկը սահմանում է միջազգային գներին համապատասխան: Օրինակ, այսօր մեկ տրոյական ունցիայի արժեքն է 1700 դոլար, նշել է նա:
Բացի 999.9 հարգի ոսկյա ստանդարտ ձուլակտորներից, Արարատբանկը հունիսից առաջարկում է նաև անառարկայական ոսկյա հաշիվներ, որոնք մի շարք առավելություններ են տալիս հաճախորդներին, այդ թվում, լրացուցիչ գումար վաստակել ոսկու միջազգային գների տատանումների հաշվին: