Ուրբաթ, 5 Օգոստոսի 2011 14:18
Ներդրումային նախագծերի բանկային ֆինանսավորումը Հայաստանում թույլ է զարգացած, կարծում է ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ ղեկավարը
Արմինֆո: Հայաստանում թույլ է զարգացած ներդրումային նախագծերի բանկային ֆինանսավորումը առևտրային բանկերի կողմից: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը:
ՙԻմ կարծիքով, բանկերը պետք է ուշադիր հետևեն ներդրումային գործունեության ֆինանսավորման ներուժին և դրա համար տրամադրվող ծառայությունների սպեկտրը համալրեն նոր, զարգացող գործիքներով՚, - նշել է բանկիրը: Ընդ որում նա կարծում, է, որ այդ ոլորտի աշխուժացմանը նպատակաուղղված ջանքերը չպետք է ձեռնակվեն ի վնաս վարկավորման այլ տեսակների, այդ թվում` սպառողական: ՙՆերդրումային նախագծերի ֆինանսաավորման համար բանկերը միշտ կարող են գտնել լրացուցիչ ռեսուրսներ, սակայն հարցն այն է, թե որքանով են նրանք պատրաստ դրան` ռիսկերի և մոտեցումների գնահատման տեսակյունից՚, - նշել է Ս. Գիշյանը:
Անդրադառնալով բանկում առկա իրավիճակին` նա նշել է, որ բանկը, ունենալով որոշակի գործիքներ, իրականացնում է ներդրումային նախագծերի ֆինանսավորում, թեև դա պարբերական բնույթ չի կրում:
ՙՄենք արդեն ֆինանսավորել ենք էներգետիկայի, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծեր, իսկ այժմ մշակում ենք նոր մեխանիզմներ` ակնկալելով հետագա աշխուժացում այդ հատվածում՚, - հաղորդել է բանկիրը:
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած Հայաստաանի առևտրային բանկերի ռենքինգի տվյալներով, ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ 2011 թվականի ապրլի 1-ի դրությամբ առաջատար դիրք է զբաղեցրել վարկային պորտֆելի ծավալով, որը կազմել է 111.2 մլրդ դրամ, որում արդյունաբերության բաժինը կազմում է 13 տոկոս, գյուղատնտեսությանը` 27,8 տոկոս, առևտրինը` 19,1 տոկոս, սպառողական վարկավորմանը` 24 տոկոս:
Նշենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու պայմաններում Հայաստանի առևտրային բանկերը ձգտում են զգալիորեն դիվերսիֆիկացնել իրենց վարկային պորտֆելները, այդ թվում այն բանկերը, որոնք նախաճգնաժամային շրջանում զբաղվում էին տնտեսության սահմանափակ ոլորտների ֆինանսավորմամբ: