Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2011 14:03
Համաշխարհային բանկը 55 մլն դոլարով կավելացնի Հայաստանի ֆինանսավորումը
Արմինֆո: Համաշխարհային բանկը 55 մլն դոլարով կավելացնի Հայաստանի ֆինանսավորումը 2011-2014 թթ.: 
Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարաարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինքը նամակ է ստացել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամից, որը նվիրված է մեր համագործակցությանը և այն ֆինանսական հնարավորություններին, որ մենք ունենալու ենք 2011-2014 թթ: 
ՙՑանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսավորման հնարավորությունը, և դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպես նաև կառավարման բարձր մակարդակով: Համաշխարհային բանկի կողմից կատարողականը գնահատվել է բարձր, և դա հնարավորություն է տվել  Համաշխարհային բանկին արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետությանը, 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնել: Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ  մեր կառավարության անունից շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկի գրասենյակին, տարածաշրջանային ղեկավարին այն համագործակցության համար, որն առկա է և այն ջանքերի համար, որ  Համաշխարհային բանկի թիմը ներդնում է, որ այդ ծրագրերը Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ իրականացվեն: Մեր ընթացիկ վերահսկողությունը և որոշ բացթողումների բացահայտումները չպետք է ստվեր գցեն ընդհանուր ծրագրի վրա: Այդ բացահայտումները մեզ հնարավորություն են տվել մշտապես բարձրացնել Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցության մակարդակը: Արդյունքում, մենք ձեզ հետ միասին, ստանալով Համաշխարհային բանկի վերլուծությունը, մասնավորապես Համաշխարհային բանկի ԾԻ-երի աշխատանքի վերաբերյալ, ռազմավարական նոր որոշում ընդունեցինք, որ այդ ԾԻ-երն ինտեգրվեն մեր նախարարությունների հետ: Այդ ռազմավարությունը մշակվել էր, հաշվի առնելով Համաշխարհային բանկի զեկույցը, որ նրանք պատրաստել էին մեզ համար, և այդ զեկույցի շնորհիվ մենք էապես բարձրացնելու ենք և¯ Համաշխարհային բանկի ծրագրերի, և¯ մեր կառավարման համակարգի արդյունավետությունը: Հասկանալի է, որ մեզ, իհարկե, ժամանակ է պետք այդ ինտեգրացիան ամբողջությամբ ավարտելու համար, բայց այդ աշխատանքներն այսօր ընթացքի մեջ են, ինչպես նաև մենք ձեզ հետ միասին բարձրացնելու ենք այդ միջոցների բաշխման արդյունավետությունը: 
Մենք ձեզ հետ միասին, հիմա ունենալով շուրջ 305 մլն ԱՄՆ դոլարի պորտֆել, պետք է կարողանանք հստակեցնել այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող այդ միջոցների համար ֆինանսական տարին սկսվում է հուլիսից, այսինքն` մենք ունենք որոշակի գումարներ 2011-2012 թթ., 2012-2013 թթ. և 2013-2014 թթ. համար: Անհրաժեշտ է, որպեսզի մեր նախարարները մինչև սեպտեմբերի 1-ն ավարտեն իրենց բանակցությունները Համաշխարհային բանկի հետ և վարչապետին ներկայացնեն հստակ ժամանակացույց այդ միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ: Դա անհրաժեշտ է, քանզի մենք արդեն հստակ պատկերացում ունենք, որ 2012 թ. հուլիսից մենք ունենալու ենք շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար, և մենք կարող ենք 2012 թ. հուլիսից այս միջոցներն արդեն իրացնել: Դա նշանակում է, որ մինչև 2012 թ. հուլիսը դուք արդեն հստակ ժամանակացույց պետք է ունենաք և պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ, որ այդ միջոցների իրացումն սկսենք հենց հուլիսից: Դա նշանակում է, որ ծրագիրը պետք է հստակեցվի, օբյեկտները, որոնք պետք է կառուցվեն, բոլոր նախնական փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն, համաձայնեցված լինեն բոլոր գերատեսչությունների հետ, և այդ ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք, որ այս նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտենք: Խոսքը գնում է ջրի, ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, հարկային, մաքսային և ֆինանսական կառավարման ավտոմատացման ոլորտների մասին: Դրա համար այսօր մենք ֆիքսում ենք հանձնարարական թվարկված ոլորտների պատասխանատուներին, որ մինչև սեպտեմբերի ավարտն ինձ ներկայացվի արդեն հստակ ժամանակացույց ըստ այս ռազմավարության, որ մենք Համաշխարհային բանկի հետ հաստատել ենք՚, - ասել է վարչապետը: