Շաբաթ, 20 Օգոստոսի 2011 18:39
ԱՊՊԱ պրեմիաների շնորհիվ Հայաստանի ապահովագրական շուկան դարձավ շահութաբեր
Արմինֆո. ԱՊՊԱ գծով հավաքագրված ապահովագրական պրեմիաների շնորհիվ Հայաստանի ապահովագրական շուկան 2011 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 1.159 մլրդ.դրամի, կամ 3.13 մլն.դոլարի, զուտ շահույթ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հայկական ապահովագրողների զուտ շահույթը տարվա կտրվածքով աճել է ավելի քան 3 անգամ:
Աղբյուրի տվյալներով, 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալներն աճել են 55.2%, իսկ տարեկան կտրվածքով` 6.7 անգամ, կազմելով 12.8 մլրդ.դրամ: Ապահովագրական հատուցումների ծավալները 2011 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 27%, իսկ տարեկան կտրվածքով աճել 3.6 անգամ, կազմելով 1.275 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ԱՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալների 86%-ը բաժին է ընկել Ռոսգոսստրախ-Արմենիա, ԻՆԳՈ Արմենիա և ՌԵՍՈ ընկերություններին: Ապահովագրական պրեմիաների տեսակարար կշռով երկրորդ տեղում է բժշկական ապահովագրությունը` 5%, որտեղ առաջատարը ԻՆԳՈ Արմենիա ընկերությունն է: Երրորդ տեղում է գույքի ապահովագրությունը` ավելի քան 3%, որտեղ առաջատարը նույնպես ԻՆԳՈ Արմենիա ընկերությունն է: Իսկ ԱՊՊԱ գծով հատուցումների կազմում 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ առաջատարների եռյակում են Ռոսգոսստրախ-Արմենիա, ԻՆԳՈ Արմենիա և ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունները:
Հայաստանում գործող ապահովագրկան ընկերությունների միագումար ակտիվները 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հասել են 31.9 մլրդ.դրամի, առաջին եռամսյակում աճելով 24.7%, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 2 անգամ: Ակտիվների կազմում հիմնական միջոցները կազմել են 1.490 մլրդ.դրամ, 32.7%, եռամսյակային և տարեկան ավելի քան կրկնակի աճով, դրամական միջոցները կազմել են 49 մլն.դրամ, եռամսյակում նվազելով 6.7 անգամ, իսկ տարվա կտրվածքով աճելով 2.6 անգամ, դեբիտորական պարտավորությունները կազմել են 1.6 մլրդ.դրամ, եռամսյակում աճելով 9%, իսկ տարվա կտրվածքով` ավելի քան 4 անգամ: Դրամային ակտիվների բաժինը կազմել է 68.8% կամ 22 մլրդ.դրամ, իսկ արտարժութային ակտիվների բաժինը` 31.2% կամ 9.9 մլրդ.դրամ:
Հայաստանի ապահովագրական ընկերութունների ընդհանուր պարտավորությունները 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 16.9 մլրդ.դրամ, առաջին եռամսյակում աճելով 28.9%, իսկ տարվա կտրվածքով` 3.7 անգամ: Դրամային պարտավորությունների բաժինը կազմել է 96.5% կամ 16.3 մլրդ.դրամ, իսկ արտարժութային պարտավորությունների բաժինը` 3.8% կամ 592 մլն.դրամ: Ապահովագրական ընդհանուր պահուստներն առաջին եռամսյակում աճել են 4.6 անգամ, կազմելով 13.4 մլրդ.դրամ, ինչը 4.7 անգամ բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Կրեդիտորական պարտավորությունները կազմել են 171 մլն.դրամ, 35.7% եռամսյակային և 88% տարեկան աճով:
Ապահովագրական ընկերությունների միագումար ընդհանուր կապիտալը ապրիլի 1-ին կազմել է 15.051 մլրդ.դրամ, առաջին եռամսյակում աճելով 20.3%, իսկ տարվա կտրվածքով` 23%: Կանոնադրական կապիտալը կազմել է 13.5 մլրդ.դրամ, 11.2% եռամսյակային և 26.5% տարեկան աճով:
2011 թվականի ապրիլի 1-ին ապահովագրկան ընկերությունների կուտակված շահույթը կազմել է 1.074 մլրդ.դրամ, 12.7% տարեկան և եռամսյակային աննշան աճով, 2010 թվականին ճգնաժամի հետևանքների և ԱՊՊԱ գծով լուրջ նախապատրաստությունների հետևանքով նկատվող վնասներից հետո:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրկան ընկերությունների կողմից կնքվել է 319195 ապահովագրական պայմանագիր, որոնցով նախատեսված ապահովագրական ընդհանուր գումարը կազմել է 4.746 տրլն դրամ, 55.4% եռամսյակային աճով: Նշենք, որ ցուցանիշները հաշվարկվել են Հայաստանում գործող 9 ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունքների հիման վրա:
Ի դեպ, ապրիլին Հայաստանի ապահովագրկան շուկան լքել է ՙԱյ Էս Ջի՚ ընկերությունը, իր ապահովագրական պորտֆելը փոխանցելով ՙՌասկո՚ ապահովագրական ընկերությանը: