Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2011 18:14
ACBA-Credit Agricole Bank-ը մեկ տարում զուտ շահույթն ավելացրել է 58.4%, ամրապնդվելով առաջատարի դերում
Արմինֆո. ACBA-Credit Agricole Bank-ը 2011 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով ապահովել է 3 մլրդ.դրամի շահույթ, ինչը 58.4%-ով ավելի է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Շահույթի ցուցանիշներով բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանն այսօր տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ամրապնդվելով առաջատարի դերում ACBA-Credit Agricole Bank-ը 2011թ. երկրորդ եռամսյակի տվյալներով շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը հետևյալ հիմնական ցուցանիշներով` ակտիվներ, կապիտալ, կանոնադրական կապիտալ, վարկային պորտֆել և շահույթ: Մասնավորապես` 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 192,7 մլրդ. ՀՀ դրամ, որը տարեսկզբի դրությամբ աճել է 14.56%-ով` կազմելով ՀՀ Բանկային համակարգի ակտիվների շուրջ 10.93%-ը:
Բանկի վարկային պորտֆելն աճել է 17.5%-ով` կազմելով մոտ 133 մլրդ.ՀՀ դրամ (ՀՀ բանկային համակարգի շուրջ 11.3%-ը): Բանկի կապիտալը կազմել է 42,1 մլրդ.ՀՀ դրամ` տարեսկզբի դրությամբ աճելով 6.98% (ՀՀ բանկային համակարգի 11.95%-ը):
Շահույթը հարկումից հետո կազմել է մոտ 3,03 մլրդ.ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 58.41%: