Ուրբաթ, 26 Օգոստոսի 2011 17:22
2011 ֆինանսական տարում IFC-ն 20%-ով մեծացրել է իր վարկային պորտֆելը Հայաստանում
Արմինֆո. 2011 ֆինանսական տարում (2010թ.հուլիսի 1-ից 2011թ.հունիսի 30-ը) Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) ավելի քան 20%-ով մեծացրել է իր վարկային պորտֆելը Հայաստանում, մինչև 100 մլն.դոլար: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Կովկասում IFC տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեկը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նրա խոսքերով, նշված աճն ապահովվել է վարկերի նկատմամբ պահանջարկի մեծացման և IFC գործունեության կենտրոնացման հաշվին: Կորպորացիան աշխատել է ԱԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, Հայէկոնոմբանկի և Ամերիաբանկի հետ, գործունեություն իրականացնելով նաև բանկային հատվածից դուրս: Հաշվետու ֆինանսական տարում նոր գործունեությունն է դարձել ագրոբիզնեսը: Այդ ոլորտին IFC վարկեր է տրամադրում ԱԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցով: Լյուբեկը հավելել է, որ 2011 ֆինանսական տարում IFC կրկնապատկել է ներդրումների ծավալները Հայաստանում, մինչև 70 մլն.դոլար: IFC ներդրումային պորտֆելը, որը կազմված է վարկերից և ֆինանսական շուկայում, արտադրությունում և լեռնարդյունաբերությունում կատարված կապիտալ ներդրումներից, կազմել է 102 մլն. դոլար:
ՙԿորպորացիան բաց է գործնական առաջարկությունների համար: Նախորդ տարիներին մենք մշտապես մեծացնում էինք ներդրումների ծավալները Հայաստանի տնտեսությունում: 2009 թվականին այդ ներդրումները կազմեցին ընդամենը 5 մլն.դոլար, 2010 թվականին` 35 մլն.դոլար, իսկ 2011 թվականին` 70 մլն.դոլար՚,-շարունակել է նա, հույս հայտնելով, որ 2012 թվականին ներդրումները կաճեն: Լյուբեկի խոսքերով, կան նաև բանկերի հետ համագործակցությա հեռանկարներ, կապված ՓՄՁ, ագրոբիզնեսի, առևտրի, ինչպես նաև լեռնարդյունաբերության վարկավորման ոլորտներում: