Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2011 17:53
ՙԶարգացման Հայկական Բանկը՚ նոր մասնաճյուղ է բացել Ստեփանակերտում
Արմինֆո: Արցախում տեղի է ունեցել ՙԶարգացման Հայկական Բանկ՚ բաց բաժնետիրական ընկերության նոր, Արցախում առաջին մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: ՙԱրցախ՚ մասնաճյուղն իր դռները բացեց ք. Ստեփանակերտի Ազատամարտիկների 13 հասցեում:
Ինչպես այսօր ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԶՀԲ մամուլի ծառայությունից, նորաբաց մասնաճյուղը տեղի բնակիչներին առաջարկելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` հաշիվների սպասարկում, սպառողական և բիզնես երկարաժամկետ վարկեր, ավանդներ, տեղական և միջազգային վճարային քարտեր, դրամական փոխանցումների համակարգերի ընտրության լայն հնարավորություն, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Տրամադրելով մատչելի ու որակյալ ծառայություններ` Բանկը կարողանում է բավարարել նույնիսկ իր ամենախստապահանջ հաճախորդներին` դրանով իսկ ձևավորելով երկարաժամկետ համագործակցություն:
Բացման արարողությանը ներկա են գտնվել ԼՂՀ Վարչապետը, Կկառավարության անդամներ, Բանկի խոշոր բաժնետերեր, գործարարներ և այլ բարձրաստիճան հյուրեր, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչներ:
ՙԶարգացման Հայկական Բանկն ուրախ է իր մասնաճյուղով ներկայանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հատկապես այս օրերին, երբ Արցախը շուքով նշում է իր անկախության քսանամյակը: Թեպետ Արցախում մեծ հաջողությամբ գործում են հայաստանյան բանկերից շատերը, այնուհանդերձ, կարծում եմ, որ մրցակցության արդյունքում մեր ներկայությունն էլ ավելի կբարձրացնի բանկային ծառայությունների մատչելիությունն Արցախի բնակչության համարª առավել որակյալ դարձնելով նաև դրանց մակարդակը՚, - ասել է ԶՀԲ վարչության նախագահ Կարեն Սարգսյանը.:
ԶՀԲ հիմնական ուղղվածությունը լինելու է փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումն ավելի ճկուն և մատչելի պայմաններով, ինչպես նաև արագ սպառողական վարկերի տրամադրումը բնակչության լայն շերտերին: Բանկի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև հիփոթեքային վարկավորումը, որի պայմանները գրավիչ կլինեն Արցախի բնակչության համար, ինչը որոշակի զարկ կտա նաև բնակարանային շուկայի զարգացմանը: