Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 15:10
2011 թվականի օգոստոսին Հայաստանում պարենային ապրանքների գները նվազել են 1,2 %-ով
ԱրմԻնֆո: 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի պարենային շուկայում գները նվազել են 2,4%-ով, միայն օգոստոսին հուլիսի համեմատ` 1,2%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների շուկայում օգոստոսին դեֆլյացիան պայմանավորված էր, հիմնականում, մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի, ինչպես նաև հացամթերքի գների 13,6-1,5% նվազմամբ: Վիճակագիրների տվյալներով, պարենային ապրանքների 13 դիտարկվող խմբերից 6-ի գները Հայաստանում օգոստոսին նվազել են 13,6-0,1%-ով, իսկ 5 խմբերում բարձրացել են 0,2-1,5%-ով, 2 խմբում գները մնացել են անփոփոխ:
2011 թվականի օգոստոսին մրգերի գները 2010 թվականի օգոստոսի համեմատ (տարեկան կտրվածքով) նվազել են 5,5%-ով, իսկ հուլիսի համեմատ` 13,6%-ով: Բանջարեղենն ու կարտոֆիլն օգոստոսին տարեկան կտրվածքով էժանացել են 25,7%-ով, իսկ հուլիսի համեմատ` 4,9%-ով: Հացամթերքի գները տարեկան կտրվածքով բարձրացել են 8,4%-ով, իսկ հուլիսի համեմատ նվազել են 1,5%-ով:
Միևնույն ժամանակ հավկիթի, ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղի գները նվազել են 0,8-0,1%-ով: Ընդ որում կաթնամթերքն օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել է 21,8%-ով, իսկ հուլիսի համեմատ` 1,5%-ով: Մսամթերքը տարեկան կտրվածքով թանկացել է 12,9 %-ով, իսկ հուլիսի համեմատ` 1,2%-ով:
Ավելացնենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դեֆլյացիան արձանագրվել է 0,2%-ի մակարդակում, իսկ միայն օգոստոսին` 0,6%-ի մակարդակում: