Ուրբաթ, 26 Օգոստոսի 2011 17:22
Ամերիաբանկը ՓՄՁ ներկայացուցիչների համար հանդես է գալիս նոր առաջարկով
Արմինֆո. Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար: Այն կապահովի վարկավորման բացառապես մրցունակ և շահավետ պայմաններ գործարարների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, առաջարկվող վարկի սպասարկման առաջին երեք ամիսների ընթացքում վարկի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում, և զեղչված տոկոսագումարները հետագայում չեն ավելացվում: Իսկ վարկավորման 4-րդ ամսից սկսած, տոկոսագումարները հաշվարկվում են միայն վարկի մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Արդյունքում` վարկառուն հնարավորություն է ստանում գումարներն ուղղել իր բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:Վարկավորման ներկայացված պայմանները նախատեսված են ծառայությունների մատուցման և սպասարկման, արտադրության, մանրամեծածախ և մանրածախ ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար:
Աղբյուրի համաձայն, վարկը կարող է տրամադրվել 1 մլն դրամից մինչև 100 մլն դրամի, կամ համարժեք արտարժույթի չափով: Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրական վարկերը լավագույն հնարավորություններ են ստեղծում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար:
Ակցիան գործելու է մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: