Երեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2011 15:56
Գործարքների մասին պարտադիր տեղեկատվության շեմային մեծությունը կանխիկ գործարքնրի մասով կիջեցվի մինչև 5 մլն.դրամ
ԱրմԻնֆո. Համաձայն ՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ՀՀ նոր Օրենքի, գործարքների մասին պարտադիր տեղեկատվության շեմային մեծությունը կանխիկ գործարքների մասով կիջեցվի մինչև 5 մլն.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, պատասխանելով փողերի լվացման դեմ պայքարի գծով ԿԲ քաղաքականության զարգացման վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության հարցին: ԿԲ պատասխանել են, որ համաձայն գործող Օրենքի, այսօր Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնին պարտադիր տեղեկացվում են միայն այն գործարքների մասին, որոնք գրազանցում են 20 մլն.դրամը, իսկ անշարժ գույքի հետ կապված գործարքների համար` 50 մլն.դրամը:
ՀՀ ԿԲ նշել են, որ փողերի լվացման դեմ պայքարի գով ԿԲ քաղաքականությունն ուղղված է փողերի լվացման դեմ պայքարի ազգային համաձայնեցված քաղաքականության իրականացմանը, ինչը ներառում է միջազգային ստանդարտներին համապատասխանող նորմատիվ-իրավական բազայի ձևավորումը, փողերի լվացման ոլորտում պրեվենտիվ միջոցառումների կատարելագործումը, վերահսկող մարմինների հնարավորությունների զարգացումը, հաշվետու անձանց որակավորման և գիտելիքների բարձրացումը, փողերի լվացման դեմ պայքարի միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում միջազգային և ներպետական համագործակցության զարգացումը: ՀՀ Կենտրոնական բանկի կազմում փողերի լվացման դեմ պայքարի ֆունկցիաներն ու իրավասություններն իրականացնում է Ֆինանսական մոնիթորինգի Կենտրոնը: Այսպես, 2011 թվականի առաջին կիսամյակում Կենտրոնը հաշվետու անձանցից ստացել և վերլուծել է կասկածելի գործարքների վերաբերյալ 91 հաղորդագրություն: Կենտրոնի կողմից իրականացված վերլուծությունների արդյունքում, հետագա հետաքննություն իրականացնելու նպատակով, իրավապահ մարմիններին է ներկայացվել 10 հաղորդագրություն` փողերի լվացման հնարավոր դեպքերի մասին:
Հայաստանում փողերի լվացման ամենատարածված ձևերից են կեղծ բանկային քարտերի կիրառման միջոցով ֆինանսական խարդախությունները, հաշիվ-ապրանքագրերի օգտագործումը, որոնք կեղծ տեղեկություններ են պարունակում մատակարարումների ծավալների մասին, ինչպես նաև կեղծ անվճարունակությունը և հարկերի վճարումից խուսափելը: